15 հունվարի 2014 - 10:35 AMT
ԵԱՀԿ գործող նախագահը Բեռնում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ-ին

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալթերը Բեռնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ւգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ): Հանդիպմանը քննարկվել է Շվեյցարիայի, որպես ԵԱՀԿ գործող նախագահի, և Մինսկի խմբի համագործակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Դիդիե Բուրկհալթերը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերի համար: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահներն ու դեսպան Կասպրշիկը նաև հանդիպել են Շվեյցարիայի ԱԳՆ պետքարտուղար Իվ Ռոսիեին, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

2014-ի հունվարի երկրորդ կեսին Փարիզում կայանալու է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը հայտարարել էր Պերուի ԱԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Դեկտեմբերի 15-19-ը տարածաշրջան կատարած այցի ավարտին դեկտեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որտեղ կողմերին կոչ էին անում «ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունն ու աշխատել մթնոլորտի պահպանման վրա, որը նպաստում է բանակցությունների առաջընթացին»:

Photo: OSCE