17 հունվարի 2014 - 12:31 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ն երբևէ չի սահմանափակել իր աշխատակիցների սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևս մեկ անգամ կտրականապես հերքում է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջերս շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր ընկերությունն արգելել է իր աշխատակիցներին մասնակցել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ իրականացվող բողոքի ակցիաներին, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, որն իր գործունեության հիմքում ներդրել և առաջնորդվում է ISO 26000 միջազգային ստանդարտի հանձնարարականներով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբևէ չի սահմանափակել աշխատակիցների կողմից սեփական կարծիքն ազատ արտահայտելու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը:

Հաշվի առնելով մեր աշխատակիցների, ինչպես նաև հասարակության անվստահությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հանդեպ, ընկերությունը հանդես եկավ առաջարկությամբ, որ համակարգի ներդրումը լինի կամավոր, այլ ոչ թե պարտադիր, ինչի վերաբերյալ համապատասխան գրությունը ներկայացրեց է ՀՀ Կառավարություն: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքնում որևէ փոփոխություն չկատարվեց, ընկերությունը որոշում կայացրեց փոխհատուցել աշխատակիցների պարտադիր կուտակային կենսաթոշակի գումարները:

Փոխհատուցելու որոշումը ներքին է և անկախ, և այն հարկավոր է դիտարկել բացառապես ընկերության` գործունեության առաջին իսկ օրվանից որդեգրած արժեհամակարգին հավատարիմ մնալու, այն է՝ աշխատակցի կողքին կանգնելու տեսանկյունից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դատապարտում է բոլոր այն հայտարարությունները, որոնցով փորձ է կատարվում վարկաբեկել ընկերության բարի համբավը՝ թյուրիմացության մեջ գցող և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու միջոցով: