Ֆիննախ. Հարկայինը հղիներին վճարվելիք 1 մլրդ դրամ ավելի գումար է հաշվարկել

Ֆիննախ. Հարկայինը հղիներին վճարվելիք 1 մլրդ դրամ ավելի գումար է հաշվարկել

PanARMENIAN.Net - «Հղիության և ծննդաբերության» ու «Ժամանակավոր անաշխատունակության» նպաստների համար 2013-ին պետբյուջեից վճարվելիք գումարների չափը ավելի մեծ է եղել` ավելի քան 1 մլրդ դրամ` այսօր հայտարարել է Ֆիննախի ֆինանսական վերահսկողության տեսչությունը` անդրադառնալով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ)` տեսչության բացահայտումների վերաբերյալ պարզաբանումներին:

Տեսչությունն անցած շաբաթ մասնավորապես հայտարարել էր, որ 2013-ի հունվար-հունիսին ՊԵԿ-ը վերոնշյալ նպաստների համար 584 մլն դրամ ավելի գումար փոխհատուցելու փաստաթղթեր է ներկայացրել Սոցիալական ապահովության պետական ծառայություն:

Մինչդեռ ՊԵԿ-ը պատասխան հայտարարությամբ պարզաբանել էր, թե «տեսչության տարածած տեղեկատվության մեջ ներկայացված փաստերը չեն արտացոլում իրականությունը», և, իրականում, նպաստների հաշվարկման ու վճարման գործընթացներում խախտումների առաջին բացահայտումներն արել են հենց իրենք.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք եղել են ոչ թե եզակի դեպքեր, այլ կրել են համատարած բնույթ՝ ՊԵԿ-ը երևույթի պատճառները վերհանելու և օրենսդրական դաշտում առկա սողանցքները բացառելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ՀՀ վարչապետին»:

Կոմիտեն, ըստ անցած շաբաթ օրը տարածած հաղորդագրության, այդքանով չէր բավարարվել ու ՊԵԿ հետաքննության վարչությունում 581 նյութ էր ուսումնասիրել, ինչը թույլ է տվել 2012-ի օգոստոսից մինչ այժմ բյուջե վերականգնել 87 միլիոն դրամ: Իսկ Ֆինանսական վերահսկողության տեսչության` հղիության 6-րդ ամսում աշխատանքի ընդունված աշխատակցի կամ 2 փոխկապակցված կազմակերպություններում աշխատող հղիի մասին օրինակներն, ըստ կոմիտեի, իրենց գործառույթների հետ կապ չունեն և իրենց լիազորությունը չէ այդ ամենը վերահսկելը:

Ֆինանսական վերահսկողության տեսչությունն, արդեն այսօր, հերթական հստակեցումն է հրապարակել` փաստելով, թե ՊԵԿ-ի` 87 մլն դրամ բյուջե վերադարձնելու աշխատանքները բավարար չեն եղել 1 մլրդ դրամ գումարի պահանջ չներկայացնելու համար:

Տեսչությունում պնդում են, որ խախտումները բացահայտել են հենց ՊԵԿ-ում իրականացված ուսումնասիորությունների ընթացքում բացառապես ՊԵԿ-ում առկա տեղեկատվության հիման վրա, ինչն էլ վկայում է այն մասին, որ «ՊԵԿ-ն ուներ հնարավորություն իր լիազորությունների շրջանակներում արձանագրել տնտեսվարող սուբյեկտների կողմից պետական բյուջեից լրացուցիչ 1 մլրդ դրամի չհիմնավորված գումարներ ստանալու այս փորձը»։

Հղիության ու ծննդաբերության համար տրվող նպաստների կասկածելի չափերի դեմ կառավարությունը պայքարում է արդեն 4-րդ տարին: 2010-ի դեկտեմբերի 1-ին սկսվեց այդ պայքարի առաջին փուլը` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» նոր օրենքով: Այն նախատեսում էր հղիության վերջին ամիսներին ու ծննդաբերությունից հետո հղիին վճարել ոչ թե իր աշխատավարձի 100 տոկոս չափով փոխհատուցում, այլ մինչև 150 հազար դրամ ստացողներին մինչև 100 տոկոս, իսկ դրանից բարձր ստացողներին միայն 150 հազարի չափով:

Կառավարության պայքարի առաջին փորձը բաղվեց օրենքի դեմ պայքարող երիտասարդ, նաև հղի կանանց բողոքներին: Երկրորդ փուլում կառավարությունը փոփոխությունների փաթեթ մշակեց, որով թեպետ հանվեց սահմանափակող շեմը, սակայն, այնուամենայնիվ, որոշակի չափով նվազեց հղիներին տրվող գումարը, քանի որ այլևս ոչ աշխատանքային օրերի համար փոխհատուցում չէր նախատեսվում:

Օրենսդրական երկրորդ նախաձեռնության քննարկումների ժամանակ էլ հենց վարչապետ Տիգրան Սարգսյանը նկարագրել էր այն մեխանիզմը, որով հղիության ու ծննդաբերության անվան տակ կորզվում են պետական միջոցները:

«Հղի կինը մեկ-երկու օրով ընդունվում էր աշխատանքի` նրան նշանակվում էր մեկ ամսվա աշխատավարձ մի քանի մլն դրամ և անմիջապես դրանից հետո նա անցնում էր այդ արձակուրդային ռեժիմին, և պետությունը պարտավոր էր նրան վճարել այնքան աշխատավարձ, ինչքան որ վերջին ամսվա ընթացքում նրան նշանակել էր գործատուն։ Հասկանալի է, որ այս մախինացիան կատավում էր այն նպատակով, որպեսզի մտնեն պետության գրպանը և գումարներ տանեն», - նշել էր վարչապետը:

Հատկանշական է, որ պաշտոնական տվյալներով` ծնելիության գործակիցը Հայաստանում 1,5 է, ինչը բավական ցածր ցուցանիշ է և չի ապահովում բնակչության նույնիսկ պարզ վերարտադրությունը: Բնակչության վերարտադրումը ապահովված է համարվում, եթե նշված գործակիցը 2-ից բարձր է լինում, այսինքն` ընտանիքում լինում է 2 և ավելի երեխա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---