Սիրիայում կռվող գրոհայինների վերադարձը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը

Սիրիայում կռվող գրոհայինների վերադարձը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը հայտարարել է, որ 12 ֆրանսիացի դեռահաս մեկնել է Սիրիա՝ երկրում գործող զինված ահաբեկչական խմբավորումներին միանալու: Թունիսյան Tanit press էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ֆրանսիական հատուկ ծառայությունները հետևում են Ֆրանսիայի քաղաքացի մոտ 700 ահաբեկչի, որոնք ցանկացած պահի կարող են ներթափանցել Սիրիայի տարածք: Վալսը նշել է, որ թուրք-սիրիական սահմանը բաց է, ուստի ֆրանսիացիները հեշտությամբ կարող են միանալ Սիրիա մեկնող ահաբեկիչներին: Ըստ նախարարի տվյալների, երկրում արդեն Ֆրանսիայի 21 քաղաքացի է զոհվել, գրում է սիրիական SANA գործակալությունը:

Ամերիկյան The Washington Post-ի թղթակից Ջոբ Վարիկն ասել է, որ դեկտեմբերի 17-ին տեսահոլովակ է ներկայացրել, որտեղ ցուցադրված է «Ալ Քայիդայի» վարժանքների ճամբարը. այնտեղ դեռահասներին սովորեցնում են օգտվել զենքից: Ըստ հատուկ ծառայությունների, Դամասկոսի կանոնավոր բանակի դեմ ֆրանսիական անձնագիր ունեցող 250 մարդ է կռվում, մոտ 100-ը դեռ ճանապարհին են և ևս 150 կամավոր առաջիկայում նրանց միանալու մտադրություն են հայտնել:

Ինչպես հայտարարել է ներքին գործերի նախարարը, Սիրիայում արդեն 21 ֆրանսիացի «կոմբատանտ» է զոհվել, իսկ 76-ը՝ վերադարձել և գտնվում է ոստիկանության հսկողության տակ: Մանուել Վալսը խոստովանել է, որ ծայրահեղական իսլամի դրոշի տակ կռվել ցանկացողների նման հոսք չի եղել ոչ նախորդ դարի 90-ականներին Բալկաններում, ոչ էլ Աֆղանստանում: «Այն ժամանակ խոսքը մի քանի տասնյակ մարդու մասին էր, այժմ նրանց թիվը հարյուրների է հասնում»,- ասել է նախարարը: Ըստ Վալսի, Ֆրանսիան մեծ խնդիրներ կունենա, երբ մարտական հմտություններ ստացած գրոհայինները, Սիրիայում ավարտելով ջիհադը, սկսեն տուն վերադառնալ:

«Քիչ է ասել, որ դա տագնապալի հեռանկար է: Ըստ իս, նման իրավիճակն առաջիկա տարիներին մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը կդառնա»,- հայտարարել է նախարարը:

Կռվելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ՝ խռովարարների պարագլուխները միաժամանակ Բրիտանիայի ու այլ երկրների համար մահապարտների են նախապատրաստում: ԱՄՆ, Բրիտանիայի, Ֆրանսիայի անձնագրերով երիտասարդ գրոհայիններին սովորեցնում են շահիդների գոտիներ պատրաստել, մեքենաներ ականապատել, այնուհետև հետ են ուղարկում: «Ալ Քայիդան» Սիրիայում վարժեցնում է հարյուրավոր ջիհադիստների Բրիտանիայից ու այլ եվրոպական երկրներից: Նրանք ցուցում են ստանում տուն վերադառնալ ու ահաբեկչական օղակներ ստեղծել: Այդ մասին Daily Telegraph թերթին է պատմել իսլամիստների ճամբարից փախած ու Թուրքիայում ապաստան գտած գրոհայինը: Բրիտանիայից, մայրցամաքային Եվրոպայից ու ԱՄՆ-ից հավաքագրված նորակոչիկներին ներշնչում են ծայրահեղական հակաարևմտյան հայացքներ, դասեր են տալիս, թե ինչպես ավտոմեքենա պայթեցնել կամ մահապարտի գոտի սարքել:

Ըստ բրիտանական MI5 հակահետախուզության, Սիրիայում մոտ 500 բրիտանահպատակ է կռվում: Իսկ օտարերկրացի գրոհայինների ընդհանուր քանակն այդ երկրում հասնում է տասնյակ հազարների: Սիրիական ուղղությունն առաջնային է դարձել MI5-ի աշխատանքում: Բրիտանական հակահետախուզությանն անցած ուրբաթ հաջողվել էր կասեցնել երկու պոտնեցիալ գրոհայինի մեկնումը Սիրիա: Դրանք 21 տարեկան երիտասարդներ էին, նրանց մեղադրանք է ներկայացվել ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ:

Օտարերկրացի գրոհայիններն ամենից հաճախ Սիրիայում հայտնվում են Թուրքիայի տարածքով: «Ալ Քայիդան» իր ցանցն է ստեղծել այնտեղ, որի վրա հենվելով էլ նորակոչ գրոհայինները տեղափոխվում են երկու ուղղություններով:

Ըստ ԵՄ ներքին գործերի եվրահանձնակատար Սեսիլիա Մալստրյոմի, իսլամիստ ծայրահեղականները Սիրիայում, Սուդանում ու Սոմալիում մարտական գործողությունների համար անդամագրել է Եվրամիության մոտ 1200 քաղաքացի: Ճիշտ է, Մալստրյոմը վերապահում է արել, որ այդ թիվը ճշգրիտ չէ: «Իրականում, նրանք, հավանաբար, ավելի շատ են»,- ասել է եվրահանձնակատարը: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Ասադի դեմ Սիրիայում կռվող խմբավորումների շարքերում քիչ չեն Եվրոպայում ու ԱՄՆ-ում ահաբեկչությունների պատրաստ պոտենցիալ մահապարտները: Այս տեղեկությունները ստացվել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» շարժման անդամից, որը դեմ է Ասադի ռեժիմին: Ըստ եվրոպացի վերլուծաբանների, հարկավոր է տագնապ բարձրացնել, քանի որ եվրոպական անձնագրեր ունեցող Սիրիայում կռվող «ջիհադի զինվորներն» ամենալուրջ վտանգն են անվտանգությանը, նշում է «ՌԻԱ Նովոստին»:

Մինչդեռ, Սիրիայում Ադրբեջանի ևս երկու քաղաքացի է սպանվել: Ըստ հաղորդագրության, երեկ սպանվել է «լեզգի Սեյֆուլլահ» մականունով գրոհայինը, որը ծնունդով Ադրբեջանի Գուսարի շրջանից է, կռվել է Ասադի ուժերի դեմ «Ան Նուսրայի ճակատ» կազմավորման շարքերում: Մի քանի օր առաջ կառավարական զորքերը սպանել էին 18-ամյա ադրբեջանցի գրոհային Նիջաթին:

Սիրիայում իրավիճակի սրվելուն պես Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ մեկնել են այնտեղ և մասնակցում են կռիվներին տարբեր ծայրահեղական խմբավորումների կազմում: Այս ընթացքում մոտ 100 ադրբեջանցի է մահացել: Նրանց մեծ մասի լուսանկարները մոջահեդները զետեղել են սոցիալական ցանցերում, գրում է APA-ն:

Photo: Reuters
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---