Ասադ. Սաուդյան Արաբիայի, Քաթարի ու Թուրքիայի շահերը հակասում են Սիրիայի շահերին

Ասադ. Սաուդյան Արաբիայի, Քաթարի ու Թուրքիայի շահերը հակասում են Սիրիայի շահերին

PanARMENIAN.Net - «Ժնև-2-ի» շեմին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել AFP գործակալությանը, որտեղ գնահատական է տրվում ընդդիմությանն ու Արևմուտքի երկրներին: Մասնավորապես Ասադը նշել է, որ Սաուդյան Արաբիայի, Քաթարի ու Թուրքիայի շահերը հակասում են Սիրիայի շահերին: «Այդ պետությունները սատարում են ահաբեկիչներին, նրանք իրենց ավանդն ունեն Սիրիայում արյունահեղության մեջ: Ինչ վերաբերում է շահերին, ապա պետք է հարցնեմ ինքս ինձ. արդյո՞ք Սիրիայի ժողովուրդն ընդհանուր շահեր կունենա այդ երկրների հետ այն ամենից հետո, ինչ կատարվեց, այսքան արյուն հեղելուց հետո: Ես չեմ ցանկանում պատասխանել Սիրիայի ժողովրդի փոխարեն: Եթե մարդիկ գտնեն, որ կան ընդհանուր շահեր, և այդ երկրները կփոխեն իրենց վարած քաղաքականությունն ու կհրաժարվեն ահաբեկչությանը սատարելուց, ապա, միանգամայն հավանական է, որ Սիրիայի ժողովուրդը կարող է համաձայնվել նրանց հետ հարաբերությունների վերականգնմանը: Ես որպես նախագահ չեմ կարող միանձնյա պատասխան տալ սիրիացի ժողովրդի անունից: Դա պետք է լինի քաղաքացիների որոշումը»,-ասել է Ասադը:

Անդրադառնալով Ֆրանսիայի դիրքորոշմանը՝ Սիրիայի նախագահը նշել է, որ 2011 թ. ի վեր Ֆրանսիան կատարում է Սիրիայում արևմտյան քաղաքականության շահերն առաջ տանողի դերը, երբ նախագահ դարձավ Սարկոզին: Այդ դերը նա ստանձնել էր ԱՄՆ հորդորով: Ֆրանսիայի ու Բուշի վարչակազմի միջև պայմանավորվածություն կար այդ հարցում, քանի որ Ֆրանսիան, որն արաբների ու Սիրիայի վաղեմի գործընկերն էր, հարմար էր այդ դերի համար: «Այն ժամանակ Սիրիայից պահանջեցին Իրանին ու «Հեզբոլլահին» դեմ դուրս գալ և դադարեցնել աջակցությունը դիմադրության ուժերին տարածաշրջանում: Բայց այդպիսի քաղաքականությունը հաջողությամբ չպսակվեց, քանի որ նպատակներն ակնհայտ էին: Այն ժամանակ էլ սկսվեց այսպես կոչված «արաբական գարունն» ու Ֆրանսիան, չկարողանալով կատարել ԱՄՆ-ին տված խոստումը, սկսեց Սիրիային դեմ գործել: Ահա ինչու փոխվեց Ֆրանսիայի դիրքորոշումը 2011 թվականին: Այն ժամանակվանից ի վեր, երբ 2001 թվականին ահաբեկչական հարձակում կատարվեց Նյու Յորքում, չկա ոչ մի եվրոպական քաղաքականություն և եվրոպական լուծում, եթե խոսելու չլինենք 90-ականների մասին: Արևմուտքում կա միայն ամերիկյան քաղաքականություն, որն առաջ են տանում մի քանի եվրոպական երկրներ: Դա տեսանելի է մեր տարածաշրջանի օրինակով: Այսօր մենք տեսնում ենք նույնը՝ կամ եվրոպական քաղաքականությունը ձևավորվում է ամերիկյան հովանու տակ, կամ ամերիկյան քաղաքականությունն եվրոպացիներն ընդունում են որպես սեփականը:

Ես չեմ հավատում, որ Եվրոպան, մասնավորապես Ֆրանսիան, կարող է ինչ-որ առանցքային դերակատարություն ունենալ Սիրիայի կամ հարևան երկրների ապագայում: Գոյություն ունի միայն մեկ պատճառ. արևմտյան պաշտոնյաները կորցրել են վստահությունը: Նրանք արդեն չեն առաջնորդվում երկակի չափանիշներով, նրանք արդեն եռակի ու քառակի չափանիշներ ունեն: Նրանք ամեն տեսակի չափանիշներ ունեն յուրաքանչյուր քաղաքական իրավիճակի համար: Նրանք կորցրել են վստահությունը, նրանք ծախեցին իրենց սկզբունքները շահերի դիմաց, ուստի նրանց հետ անհնար է հետևողական քաղաքականություն վարել: Վաղը նրանք կարող են անել միանգամայն հակառակը: Ուստի, չեմ կարծում, որ Ֆրանսիան ինչ-որ դերակատարություն կունենա ապագայում, եթե լիովին չվերանայի իր քաղաքականությունը և իրոք անկախ պետություն չդառնա, ինչպիսին նախկինում էր»,-ասել է Ասադը:

Նա նաև նշել է, որ արևմտյան պաշտոնյաներն ամենևին չեն հասկանում, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, նրանք ունակ չեն տեսնելու ներկան ու ապագան: Ասադը գտնում է, որ նրանք միշտ շատ ուշ են գիտակցում շատ բաներ, երբեմն, միայն այն ժամանակ, երբ իրողությունն արդեն ամբողջապես փոխվել է: «Եվ շատ դժվար է հասկանալ՝ դա նավթադոլարների ազդեցությունն է համաշխարհային ասպարեզում: Օրինակ, Քաթարը մարգինալ պետությունից վերածվեց կարևոր ուժի, իսկ Ֆրանսիան դարձավ Քաթարի քաղաքականության կամակատարը: Նույնը տեղի է ունենում Ֆրանսիայի ու Սաուդյան Արաբիայի միջև: Ի՞նչ կարող են նավթադոլարներն անել արևմտյան երկրների հետ, հատկապես Ֆրանսիայի հետ, եթե նրանք ծախում են իրենց սկզբունքներն ու Ֆրանսիական հեղափոխության սկզբունքները մի քանի միլիոն դոլարով: Կան շատ այլ բաներ, որոնք դժվար է հասկանոլ ու ընդունել»:

Ինչ վերաբերում է առաջիկա «Ժնև-2» խորհրդաժողովին, ապա նախագահ Ասադը նշել է, որ ամենակարևորն այն է, որ Ժնևի խորհրդաժողովը հստակ արդյունքներ ունենա Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի առումով: «Մասնավորապես, նա պետք է հաստատի, որ հարկավոր է ճնշում գործադրել այն երկրների հանդեպ, որոնք ահաբեկչություն են արտահանում, գրոհայինների են գործուղում, փող ու զենք են մատակարարում ահաբեկչական կազմակերպություններին: Այդպիսի պետություններ են Սաուդյան Արաբիան, Թուրքիան ու, անշուշտ, արևմտյան երկրները: Դա ամենակարևոր արդյունքը կարող է լինել, որը կարող է ունենալ Ժնևի խորհրդաժողովը: Ցանկացած քաղաքական որոշում առանց ահաբեկչության դեմ պայքարի ոչ մի նշանակություն չի ունենա: Չի կարող քաղաքական գործընթաց լինել, երբ ամենուր գործում են ահաբեկիչները, ոչ միայն Սիրիայում, այլ նաև հարևան երկրներում: Եթե քաղաքական տեսակետից մոտենանք, ապա «Ժնև-2»-ը կարող է իր ավանդն ունենալ սիրիացիների միջև երկխոսության առումով: Սիրիայում պետք է ներսիրիական գործընթաց գնա, իսկ «Ժնև-2»-ը կարող է միայն սատարել դրան, բայց չի կարող փոխարինել»,-ասել է Սիրիայի նախագահը:

Ասադը նշել է, որ չի տեսնում վարչապետի պաշտոնում, օրինակ, Ահմադ Ջարբուին կամ Մուազ ալ Հաթիբին: Ըստ նրա, այդ մարդիկ չեն ներկայացնում Սիրիայի ժողովրդին կամ նրա մի մասը: «Պատկերացնում են արդյո՞ք իրենք իրենց այդ պաշտոնում, որոնք ստեղծել են այդ կառույցները: Դա վերադարձնում է մեզ նույն հարցին. այդ խմբերից յուրաքանչյուրը ներկայացնում է իրեն ստեղծած երկիրը: Սա առաջինը: Երկրորդը՝ ենթադրենք, մենք պայմանավորվել ենք կառավարության կազմում այդ անձանց ընդգրկելու մասին: Ի՞նչ եք կարծում, նրանք կհամարձակվեն Սիրիա գալ: Իհարկե, ոչ: Անցայլ տարի նրանք պնդում էին, թե վերահսկում են Սիրիայի տարածքի 70 տոկոսը, բայց նույնիսկ այն ժամանակ նրանք չհանդգնեցին մեկնել այն շրջաններ, որոնք իբր վերահսկում էին: Նրանք ժամանում են սահմանի մոտ 30-րոպեանոց ֆոտոսեսիայի համար, հետո փախչում են: Ինչպե՞ս նրանք կարող են նախարարներ լինել: Կարո՞ղ է արդյոք օտարերկրացին Սիրիայի նախարար դառնալ: Ահա թե ինչու են այդ առաջարկներն անիրական, դրանք լավ կատակի են նման»,-ասել է Ասադը:

Հարցազրույցի վերջում Ասադը նշել է, որ Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի աջակցությունը կարևոր էր, առանց որի, հավանաբար, ամեն ինչ շատ ավելի բարդ կլիներ: Ինչպե՞ս: Հիմա դժվար է ասել: «Ինչ անձամբ ինձ է վերաբերվում, ապա եթե Սիրիայի ժողովուրդն այլ նախագահ ուզի, ես խնդիր չունեմ: Ես այն մարդը չեմ, որը կառչում է իշխանությունից: Անձամբ ինձ համար դա խնդիր չէ»,-ասել է Բաշար Ասադը:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Սիրիական կարգավորման «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովը կանցնի երկու փուլով: Այն կմեկնարկի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո հունվարի 24-ին կշարունակվի Ժնևի Ազգերի պալատում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---