«Ժնև-2»-ից առաջ Մոնտրյոյում խորհրդակցություններ են

«Ժնև-2»-ից առաջ Մոնտրյոյում խորհրդակցություններ են

PanARMENIAN.Net - Սիրիայի հակամարտության կարգավորմանը նվիրված «Ժնև-2» խորհրդաժողովի շեմին շվեյցարական Մոնտրյո քաղաքում խորհրդակցություններ են ՄԱԿ գլխավոր քարտուղարի, ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդի, ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն ներկայացուցչի մասնակցությամբ: Պան Գի Մունը հանդիպել է Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչ Ահմադ Ջերբային:

Երկխոսությունը դժվար է սկսվում. Դամասկոսն արդեն հասկացրել է, որ չի համաձայնվի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությանը:

Համաժողովը, որին կմասնակցի մոտ 30 պետության ներկայացուցիչ, գրեթե ձախողման եզրին է. երբ ՄԱԿ-ը մասնակցության հրավեր ուղղեց Թեհրանին, մի շարք արևմտյան երկրներ ու Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հրաժարվեցին մեկնել Մոնտրյո:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ստիպված էր հրաժարվել իր հրավերից:

Թեհրանի մասնակցության անհրաժեշտությունը պնդում էր Մոսկվան, սակայն ռուսական կողմը որոշեց չսրել իրավիճակը: Մոնտրյոյում անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկված:

Վերլուծաբանները մեծ հույսեր չունեն, թե Շվեյցարիայում կարող է փոխզիջում գտնվել և Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության միջև հաշտեցումը հնարավոր է: Բանակցությունները մթագնեց նաև նախօրեին հրապարակված սիրիական բանտերում խոշտանգումների մասին հաղորդագրությունը: Դամասկոսն այդ մեղադրանքները հերքում է, հայտնում է euronews-ը:

Նախօրեին բրիտանական The Guardian թերթում Հաագայի դատարանի երեք նախկին դատախազները զեկույց էին հրապարակել՝ հիմնված վկայությունների ու Դամասկոսում անհայտ աղբյուրի տասնյակ հազարավոր լուսանկարների վրա: Սիրիական բանակի այդ դասալիքը լուսանկարել է քաղաքային բանտի 11 հազար կալանավորի մարմինները, որոնք մահվանից հետո տեղափոխվել են դիահերձարան: Մեծ մասը մահացել է կտտանքներից ու հյուծվածությունից:

Զեկույցը պատվիրել էր Լոնդոնում գործող ինչ-որ խոշոր իրավաբանական գրասենյակ, որը ներկայացնում է Քաթարի շահերը, գրում է պարբերականը: Այժմ փաստաթղթերն ուղարկվում են ՄԱԿ, տարբեր երկրների կառավարություններին ու իրավապաշտպան կազմակերպություններին: «Հավանաբար, հրապարակման ժամանակը հատուկ է ընտրված՝ «Ժնև-2»-ի շեմին», գրում է The Guardian-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---