24 ապրիլի 2006 - 15:18 AMT
Երեւանում տեղի է ունեցել ակցիա ի պաշտպանություն ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի
Հայաստանում Ամերիկայի քաղաքացիները ակցիա են կազմակերպել ի պաշտպանություն ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի, որին որոշ տվյալներով ետ են կանչում Երեւանից: Ակցիայի մասնակիցները դեղին ժապավեններ են բաժանում, որոնք ամերիկյան մշակույթում խորհրդանշում են վստահություն եւ անկեղծություն: Ակցիայի նախաձեռնողներից մեկի` ճարտարապետ Էդուարդ Բալասանյանի խոսքերով, ԱՄՆ Պետդեպարտամենտը եւ կառավարությունը չպետք է մասնակցեն «դիվանագիտական խաղերին»: «Հարցը ոչ թե կոնկրետ դիվանագետի, այլ ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ կառավարության դիրքորոշման մեջ է, որոնք համառորեն չեն ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-նշել է Բալասանյանը: Դեսպան Ջոն Էվանսը ձեռնպահ մնաց մեկնաբանություններից, նշելով, որ «Աստված միշտ արդարության կողմից է», հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը:

Հիշեցնենք, որ 2005 թվականի փետրվարի 19-ին Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ջոն Էվանսը կարեւորեց Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Այսօր ես կանվանեմ դա Հայոց ցեղասպանություն»,-հայտարարել էր Ջ.Էվանսը: