24 հունվարի 2014 - 10:45 AMT
Ռոուհանի. Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն ԱՄՆ հետ հնարավոր է

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին վստահ է, որ Իրանի ու ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը հնարավոր է, եթե երկու կողմերն աշխատեն այդ ուղղությամբ: Այդ մասին Ռոուհանին հայտնել է լրագրողներին Դավոսում, ուր ժամանել է մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին:

Ըստ քաղաքական գործչի, հարաբերությունները Վաշինգտոնի հետ նախկինում բարդ են եղել, սակայն այժմ խոչընդոտներ չկան այդ խնդիրը հաղթահարելու համար:

Պատասխանելով շվեյցարական RTS հեռուստաալիքի լրագրողի այն հարցին, թե կարող է երբևէ Թեհրանում կրկին բացվել ԱՄՆ դեսպանություն՝ Ռոուհանին ասել է. «Ոչ մի թշնամանք հավերժ չէ, և ոչ մի բարեկամություն նույնպես հավերժ չէ: Մենք պետք է թշնամանքը վերածենք բարեկամության», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը:

Այցը Դավոս Իրանի նախագահի առաջին այցն է վերջին 10 տարում: Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի մասնակցել համաժողովի աշխատանքներին, այն ժամանակ Իրանը ներկայացրել են նախագահի խորհրդական Մոջթաբ Սահամեր Հաշիմին, ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթակին և այլ պաշտոնյաներ: Դիվանագիտական հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ միջև խզվեցին 1979 թվականին, իսլամական հեղափոխությունից հետո, երբ պատանդ վերցվեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները: ԱՄՆ դեսպանատան 52 աշխատակիցներ ազատ արձակվեցին 444 օր անց՝ 1981 թ.: Պատանդները ազատ արձակվեցին Ալժիրի կառավարության միջնորդությամբ, Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը: ԱՄՆ-ում Իրանի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանատունը:

2013 թ. հունիսին նախագահ ընտրված Ռոուհանին ավելի զուսպ է ԱՄՆ ու Իսրայելի վերաբերյալ իր արտահայտություններում: