Սիրիայի ընդդիմության ու կառավարության բանակցությունները մեկնարկում են

Սիրիայի ընդդիմության ու կառավարության բանակցությունները մեկնարկում են

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին կսկսվի Սիրիայի իրավիճակի կարգավորման հիմնական աշխատանքը, մեկնարկում են Սիրիայի ընդդիմության ու կառավարության ուղիղ բանակցությունները Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի մասնակցությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Ըստ Սերգեյ Լավրովի, բանակցությունների արդյունքում կայացված որոշումները պետք է հիմնված լինեն փոխադարձ համաձայնության վրա ըստ 2012 թ. հունիսի 30-ի կոմյունիկեի: ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Բրահիմին իր հերթին նշել է, որ առաջնային ուշադրություն պետք է դարձվի վստահության միջոցների ամրապնդմանը կողմերի միջև ու Սիրիայի ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության հաստատմանը: Միջսիրիական երկխոսության կարևոր տարր պետք է լինի բոլոր սիրիացիների ջանքերի համախմբումը ահաբեկչությանը դիամակայելու գործում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Բանակցություններն անցնելու են Ժնևում ՄԱԿ կենտրոնակայանում: Պատվիրակությունները պետք է տեղակայվեն տարբեր սենյակներում, միջնորդ կլինի Լահդար Բրահիմին: Սիրիայի պաշտոնական իշխանությունները Ազգերի պալատում կներկայացնի երկրի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը, ընդդիմությունը՝ Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան: Նախօրեին կողմերը համակարգող բնույթի հանդիպումներ են ունեցել ՄԱԿ միջնորդի հետ: Կառավարական պատվիրակությունը հրաժարվել է մեկնաբանություններից, իսկ ընդդիմությունը շարունակում է պնդել, թե Ասադի ռեժիմն «անգործունակ է», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընդդիմությունը շահագրգռված է, որ կատարվի Ժնևի կոմյունիկեն և անցումային կառավարություն ստեղծվի, որը կկենտրոնացնի ողջ իշխանությունը, ներառյալ բանակն ու անվտանգությունը: Ինչպես ճեպազրույցում հայտարարել է Ահմեդ Ջարբան, «Ասադը պետք է հեռանա, նրա ռեժիմն անցյալի մաս է»:

Սակայն մինչ խաղաղ խորհրդաժողովի մեկնարկը շվեյցարական Մոնտրյոյում, Սիրիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ Ասադի և Սիրիայի իշխանությունների ապագայի մասին հարցը այն «կարմիր գիծն է» լինելու, որը կառավարական պատվիրակությունը մտադիր չէ հատել:

Ըստ Մուալեմի, պաշտոնական Դամասկոսի համար ավելի կարևոր է պայքարն ահաբեկիչների դեմ, քան բանակցային գործընթացը: «Սիրիայի առաջնահերթությունը պայքարն է ահաբեկիչների դեմ, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի քաղաքական կարգավորման գործընթացի մեկնարկի համար»,-ասել է նա:

Սիրիայի տեղեկատվության նախարար Ամրան Ազ Զոուբին հայտարարել է նաև, որ «Սիրիայում կա ժողովրդավարական կարգ, ընտրություններ, Սահմանադրություն, Բաշար Ասադը իրավունք ունի կրկին առաջադրվելու: Եթե կհաղթի՝ կհաղթի, եթե ոչ՝ ոչ»: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը գտնում է, որ «անցումային շրջանին այլընտրանք չկա»: Այդ մասին նա հայտարարել է մամլո ասուլիսում, նույն կարծիքի է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նա անվանել է Սիրիայի նախագահին «ահաբեկիչների գլխավոր մագնիսը» և ենթադրել է, որ «Սիրիան անհնար է փրկել, քանի դեռ Ասադը չի հեռացել իշխանությունից»:

Ռուսաստանը Ժնևում այն կարծիքի է, որ Սիրիայի ապագան պետք է որոշվի միջսիրիական երկխոսության արդյունքում: «Միայն այն փոխզիջումն է հնարավոր, որը ձեռք կբերվի սիրիական կողմերի միջև երկարաժամկետ պայմանավորվածության հիման վրա»,-ասել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը: Նա հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ապահովի «միջսիրիական երկխոսության ներկայացուցչական բնույթը»:

Photo: EPA
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---