Լևոն Արոնյանը՝ Վեյկ ան Զեեի մրցաշարի քառակի հաղթող

Լևոն Արոնյանը՝ Վեյկ ան Զեեի մրցաշարի քառակի հաղթող

PanARMENIAN.Net - Նիդերլանդական Վեյկ ան Զեեում ավարտվել է «Տատա Սթիլ» գլխավոր շախմատային մրցաշարը, որտեղ առաջին տեղը զբաղեցրել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նախավերջին տուրում առավելության հասնելով կուբացի Լեյնիեր Դոմինգես Պերեսի նկատմամբ, Արոնյանը վերջին տուրից առաջ արդեն ապահովել էր իր հաղթանակը, ու չնայած վերջին տուրում պարտվեց նիդերլանդցի Լյուք Վան Վելին, մրցաշարում հաղթող ճանաչվեց։ Մրցաշարին մասնակցում էր 12 գրոսմայստեր աշխարհի 11 երկրից։

Արծաթը ստացավ հոլանդացի Անիշ Գիրին, բրոնզը՝ ռուս Սերգեյ Կարյակինը: Արոնյանը Վեյկ ան Զեեում հաղթել էր նաև 2007-ին, 2008-ին ու 2012-ին: Նախորդ տարի նա մրցաշարն ավարտել էր երկրորդ տեղում՝ զիջելով ՖԻԴԵ-ի առաջատար Մագնուս Կարլսենին։

Լևոն Արոնյանը Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարն է, 2005-ին աշխարհի գավաթակիրը,ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակիհաղթող, Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ հաղթել է շախմատի համաշխարհային օլիմպիադաներում,2011-ին՝ աշխարհի թիմային առաջնությունում։2014-ի հունվարի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստն է (2812)։

«Տատա Սթիլ» շախմատային մրցաշարն ամենահներից է, 1937-ից անցկացվում է ամեն տարի (բացառությամբ 1945 -ը)։ Մինչև 1967-ն անցել է նիդերլանդական Բեվերվեյքում, 1968-ից տեղափոխվել Վեյկ ան Զեե։

Մրցաշարը միջազգային կարգավիճակ ստացել է 1946-ին։ Դրանում հաղթանակել են այնպիսի գրոսմայստերներ, ինչպիսիք են Մայքս Էյվեն (1940, 1942, 1952, 1958), Սավելի Տարտաքովերը (1949), Գիդեոն Շտալբերգը (1956)։ Բայց այն հայտնի դարձավ 1960-ից հետո, երբ դրան սկսեցին մասնակցել ԽՍՀՄ շախմատիստները՝ հենց 1960-ին Բենթ Լարսենի հետ առաջին տեղը կիսեց հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը։

Photo: France Peeters
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---