16  28.01.14 - Բանակի օրվա առթիվ ՀՀ պետական բարձր պարգևներ են հանձնվել
16  28.01.14 - ՀՀ և Արցախի ղեկավարությունը այցելեցին Եռաբլուր համալիր բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ

ՀՀ նախագահ․ Խոնարհվում ենք նրանց առջև, ովքեր պարտադրված գոյապայքարը վերածեցին փառահեղ ազատամարտի

ՀՀ նախագահ․ Խոնարհվում ենք նրանց առջև, ովքեր պարտադրված գոյապայքարը վերածեցին փառահեղ ազատամարտի

PanARMENIAN.Net - Բանակի օրվա առթիվ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար, Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը փոքրաթիվ ուժերով կասեցրած և հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:

Նախագահական նստավայրում այսօր՝ հունվարի 28-ին, պարգևատրման հանդիսավոր արարողություն էր:

«Ձեր առաքելությունն առանձնահատուկ է: Դրա համար էլ այն կոչվում է ծառայություն և ոչ թե աշխատանք: Մեր ամբողջ ժողովուրդը ակնածանքով է վերաբերվում ձեր գործին և երախտագիտության զգացում ունի մեր բանակի և հայրենիքի յուրաքանչյուր զինվորի նկատմամբ․․․ Դուք այն վահանն եք, որի ներքո ապրում ու արարում են մեր երկիրն ու ժողովուրդը»,- դիմելով պարգևատրվող զինծառայողներին, իր ուղերձում նշել է նախագահը՝ հավելելով․ «Օրեր առաջ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ցուցաբերած վեհ կեցվածքը վճռական պահին և նրա ու ընկերների սխրանքը մեր բանակի իսկական նկարագիրն ու օրինակն են», ապա մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Նախագահը հետմահու պարգևատրել է Արմեն Հովհաննիսյանին, պարգևը հանձնվել է կրտսեր սերժանտի ծնողներին։

Նախագահի հրամանագրերով, Բանակի օրվա առթիվ և Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ ևս պարգևատրվել են ՀՀ մեդալներով՝ նշելով, որ երբ հայ ժողովուրդը տևական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակը դարձավ առաջին կայացած պետական կառույցը:

«Հայաստանի ԶՈւ ստեղծումը մեր երկրի առաջին և մեծագույն ձեռքբերումն էր: Սա արդեն պատմական փաստ է և անհերքելի ճշմարտություն: Բայց դա չի նշանակում, որ բանակաշինությունը կորցրել է իր արդիականությունը․․․

Այսօր՝ մեր հաղթական բանակի օրը, մեծ տոն է, և առիթ՝ հիշելու նրանց, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին և իրականացրին անհավանական թվացող ճիգերի գնով, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով: Նրանք դարձան օրինակ և չափանիշ հետագա սերունդների համար, ինչպես նրանց համար օրինակ ու չափանիշ էին իրենց հայրերն ու պապերը երկրորդ աշխարհամարտի օրերին: Խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր պարտադրված գոյապայքարը վերածեցին փառահեղ ազատամարտի»,- ասել է նախագահը:

Շնորհավորելով Բանակի օրվա առթիվ, իր ուղերձում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ հերոս հայրերի ու պապերի օրինակով` մեր բանակի զինվորները «պատվով են կատարում իրենց առջև դրված խնդիրները՝ պաշտպանելով հայրենիքի և ժողովրդի անվտանգությունը, ամուր պահելով պետության սահմանները: Սա հայրենասիրության ու անձնվիրության վառ դրսևորում է»,- նշել է նախագահը:

Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ամենայն հայոց կաթողիկոսը։ Նա ևս հիշել է «հայ զենքի փառքը կերտած մեր պանծալի զինվորներին ու զորավարներին և անմահ մեր հերոսներին, բոլոր նրանց, ովքեր նվիրվեցին անկախ պետականության ստեղծման վեհ և նվիրական գործին»

Եռաբլուր այցի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախ տեղեկացրել է, որ գիշերը կրկին կրակոցներ են եղել, համեմատաբար՝ մի քիչ ավելի շատ, բայց իրավիճակը վերահսկելի է: Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ՊՆ աշախատակազմն ամեն օր պատրաստ է պաշտպանել մեր հայրենիքը:

«Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում թեև փոփոխական է, բայց նույնպես վերահսկելի է: Այդ կրակոցները սովորական են մեզ համար»,- ասել է նախարար Օհանյանը, գրում է «Այսօր»-ը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ մեր այսօրվա զինվորի պատրաստականության շնորհիվ է, որ ստացվում է առաջընթաց ապահովել։

«Մեր զինվորների մարտական ոգու և սառնասիրտ որոշումների շնորհիվ կարողանում ենք հետ մղել ցանկացած ոտնձգություն: Պատերազմի հավանականությունն այսօր փոքր է, իսկ ԼՂՀ հիմնահարցով զբաղվող միջազգային կառույցներն արդեն հայտարարություն են տարածել, որով կոչ են անում պահպանել հրադադարի ռեժիմը: Վստահ եմ, որ նրանք ևս դատապարտում են ադրբեջանական կողմի գործողությունները, սակայն լռում են, քանի որ բանակցային գործընթացը պահանջում է հավասարակշիռ պահվածք»,- եզրափակել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ հավաստիացնելով, որ խաղաղ պայմաններում ենք անցկացնելու 2014-ը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---