24 ապրիլի 2006 - 21:02 AMT
Իրականում Ռուսաստանն այնքան էլ շատ լծակներ չունի Հայաստանի հանդեպ ճնշում գործադրելու համար
Հայաստանը անկախ երկիր է, եւ Ռուսաստանը չպետք է ճնշում գործադրի որեւէ մեկի վրա, այլ ավելի շուտ պետք է օգնի ղարաբաղյան հակամարտության կողմերին գտնել ընդունելի լուծում: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը: Նրա խոսքերով, իրականում Ռուսաստանն այնքան էլ շատ լծակներ չունի Հայաստանի հանդեպ ճնշում գործադրելու համար, ինչպես թվում է շատերին: Բացի ավանդական դաշնակցային հարաբերություններից, որնոք առակա են Մոսկվայի եւ Երեւանի միջեւ, պետք չէ մոռանալ, որ արտերկրում գոյություն ունի հզոր հայկական սփյուռք, որն ի դեպ ԱՄՆ-ում հասնում է մեկ ուս կես միլիոնի: Այս բոլորը պետք է հաշվի առնել: «Բացի այդ, ղարաբաղյան հակամարտությունը մի առանձնահատկություն ունի: Դա միակ հակամարտությունն է, որտեղ կողմերն իրենք են պահպանում հրադադարի ռեժիմը, առանց կողմնակի ուժերի մասնակցության: Այդ պատճառով, Ռուսաստանը կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության վրա միայն քաղաքական մեթոդներով, ինչն էլ անում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,-նշել է նա: Ռուս փորձագետը գտնում է, որ որքան շատ ես խորանում այդ հակամարտության էության մեջ, այնքան «ավելի պարզ է դառնում, որ երկու հակամարտող կողմերն էլ յուրովի իրավացի են»:
«Եվ այստեղ հնարավոր չէ ընտրել, թե ում կողմը բռնել: Կյանքը ցույց է տալիս, որ ոչ մի տարածքային խնդիր չի լուծվում հարյուր տոկոսով այս կամ այն կողմի օգտին: Իմ կարծիքով, երկու կողմերն էլ պետք է գնան զիջումների: Մյուս տարբերակը պատերազմն է, որի մեջ ոչ ոք շահագրգռված չէ: Ավելին, երկու երկրների իշխանությունները պետք է պատրաստ լինեն փոխզիջման, նախապատրաստելու համար սեփական ժողվորդներին»,-ասել է Վլադիմիր Ժարիխինը, հաղորդում է Իրան.ռու-ն: