31 հունվարի 2014 - 17:48 AMT
Ամերիաբանկը հաստատուն առաջ է շարժվում Հայաստանի բանկային շուկայում` վկայում են 2013-ի արդյունքները

2013-ին Ամերիաբանկն ամրապնդել է իր դիրքերը Հայաստանի բանկային առաջատարների շարքում` լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը` հիմք ընդունելով անցած տարվա գործունեության արդյունքները:

Բանկի զուտ շահույթը հարկերից հետո 2013-ին 6,2 մլրդ դրամ է եղել` պահպանելով 2012-ի մակարդակը: Անցած տարեվերջի դրությամբ` 29 տոկոսով ավելացել են բանկի ակտիվները` կազմելով 315 մլրդ դրամ: Ամերիաբանկի պարտավորությունները նույնպես աճել են գրեթե 33 տոկոսով ու ներկայում ավելի քան 276 մլրդ դրամ են, հաճախորդների ավանդների մասով բանկն ունի 170 մլրդ դրամ պարտավորություն:

«Ակտիվների մեծությամբ մենք զբաղեցնում ենք առաջին հորիզոնականը Հայաստանի բանկային համակարգում»,- ասաց Ամերիաբանկի գլխավոր տնօրենը, որի ղեկավարած կառույցն անցած տարի միջազգային ֆինանսական կազմակերպություններից 42 մլն դոլար է ներգրավել` 12 մլն դոլար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, 15-ական մլն դոլար` Ֆրանսիական Պրոպարկո զարգացման ֆինանսական գործակալությունից ու Ավստրիական զարգացման բանկից:

«Այսպիսով` մեր ընդհանուր պորտֆելը միջազգային ֆինանսական կառույցների հետ կազմեց 273 մլն դոլար, որոնցով իրականցվող ծրագրերն ուղղվում են ՓՄՁ զարգացման և վերականգնվող էներգետիկայի ու էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորման համար»,- նշեց Հանեսյանը:

Անցած տարի Ամերիաբանկի վարկային պորտֆելը հատել է 176 մլրդ դրամի սահմանը, ընդ որում բանկը 21 տոկոսով ավելի վարկ է տրամադրել, քան 2012-ին:

«2013 թվականի ընթացքում, ինչպես և վերջին 2-3 տարիներին, մեր հիմնական նպատակն էր զարգացնելու Փոքր ու միջին բիզնեսի վարկավորումը և մանրածախ վարկային պրոդուկտների ընդլայումը և ավելացումը պորտֆելում»,- մանրամասնեց Հանեսյանը:

«Մենք, հետևելով այդ ռազմավարությանը, կատարել ենք նախորդ տարվա համար պլանավորված ցուցանիշները` ապահովելով 58 տոկոս աճ ՓՄՁ վարկային պորտֆելում (33 մլրդ դրամ տարեվերջին), այն դեպքում, երբ խոշոր վարկային պորտֆելը աճել է 10,4 տոկոսով»,- հավելեց նա:

Մանրածախ վարկային պորտֆելում Ամերիաբանկն աշխատել է ավելացնել սպառողական վարկերի ու վարկային քարտերի քանակը, ինչի շնորհիվ սպառողական վարկերի ծավալն աճել է 65, քարտերինը` 45 տոկոսով:

«Այս ցուցանիշները նույնպես գերազանցում են մեր միջին աճի ցուցանիշները մնացած ուղղություններով, ինչպիսիք են, օրինակ, հիպոթեկային վարկերը, որոնք աճել են 10 տոկոսով, ավոտմեքենաների վարկերը` նրանց աճը կազմել է 25 տոկոս, և այլ մանրածախ բիզնես վարկերը, որոնց աճը կազմել է 21 տոկոս»,- ասաց Ամերիաբանկի գլխավոր տնօրենը:

Ներկայացնելով 2013-ի ձեռքբերումները` Հանեսյանը կարևորոց Ամերիաբանկին անցած տարվա ընթացքում շնորհված մի շարք մրցանակներ, մասնավորպես Corporate Intl Magazine-ի «2013 թվականի լավագույն բանկը ֆակտորինգային ծառայությունների մատուցման գծով», ՎԶԵԲ-ի կողմից առաջին անգամ Հայաստանում շնորհված «Հաստատող բանկի» կարգավիճակը, ինչպես նաև «Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում» գնահատականը, Financial Times-ի The Banker ամսագրի` «Տարվա լավագույն բանկ» մրցանակը:

«Մեր ֆակտորինգային գործառնությունների տեսակարար կշիռը շուկայում կազմում է մոտ 47 տոկոս և տարեցտարի այս ոլորտում ունենում ենք բավական տպավորիչ աճի տեմպեր»,- ասաց բանկի գլխավոր տնօրենը:

Ամերիաբանկին ֆակտորինգով զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալը 2013-ին տարեկան արդյունքներով 12,5 մլրդ դրամ է` նախորդ տարվա համեմատ 41 տոկոսով ավելի:

Բանկը 2014-ին ծրագրել է ցանցի ընդլայնում երկու նոր մասնաճյուղերով` Երևանում` Երևան Մոլի տարածքում, նաև, ինչպես հուսով է բանկի ղեկավարը, Գյումրի քաղաքում: Հեռահար անելիքներից լրագրողների հետ հանդիպմանը Հանեսյանը ներկայացրեց 2016-ին IPO շուկա դուրս գալու հեռանկարները.

«Պլանավորում ենք դուրս գալ IPO շուկա, եթե գլոբալ տնտեսությունների զարգացումը գնա կայուն հունով ու չնախատեսված գնային շոկեր չլինեն, այդ թվում և Հայաստանում»: