Lenta.ru. Հայաստանի և Ղարաբաղի զինվորներն անցել են պատերազմի բովով

Lenta.ru. Հայաստանի և Ղարաբաղի զինվորներն անցել են պատերազմի բովով

PanARMENIAN.Net - Հայաստանում սեփական բանակի կազմավորումը սկսվեց ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին: Այն ժամանակ ղարաբաղյան հակամարտության սրման պատճառով կամավորական ջոկատներ ստեղծվեցին, որոնք զինվեցին այն զենքով, որը կարողացել էին հայթայթել ռազմականացված կազմակերպություններում, ռազմագիտության դասարաններում ու նման այլ վայրերում, գրում է հայկական բանակի մասին Lenta.ru-ն: «1991 թվականին Հայաստանում, ինչպես նաև առավելապես հայաբնակ Լեռնային Ղարաբաղում, ստեղծվեցին պաշտպանության կոմիտեներ: Ավելի ուշ կազմավորվեց պաշտպանության նախարարություն և սկսվեց պաշտոնական զինված ուժերի կազմավորման գործընթացը: Նմանատիպ գործընթաց էր գնում նաև Լեռնային Ղարաբաղում, որն անկախություն էր հռչակել: Հայաստանը, ինչպես և ԽՍՀՄ մյուս հանրապետությունները, ստացավ խորհրդային բանակի գույքի մի մասը, որը գտնվում էր իր տարածքում»,-ասվում է հոդվածում:

Lenta.ru-ն նշում է, որ հայաստանցի և ղարաբաղցի զինվորների համար իսկական փորձություն դարձավ 1990-ականների սկզբին պատերազմը Լեռնային Ղարաբաղում: «Նրանց հաջողվեց հաղթահարել ադրբեջանական զորքերի դիմադրությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո պահպանեց անկախությունը, թեև մինչ օրս միջազգայնորեն ճանաչված չէ: Բացի այդ, հայերի հսկողության տակ անցան նաև Լեռնային Ղարաբաղի մերձակա Ադրբեջանի շրջաններն, որոնք այժմ օգտագործվում են որպես բուֆերային գոտի (Բաքվում դա գնահատում են որպես «հայկական օկուպացիա»): Հայկական բանակն այժմ 50 հազար անդամ ունի: Հայաստանի Զինված ուժերը կազմավորվում են զորակոչի հիման վրա: Հունվարի 28-ին նշվում է Հայոց բանակի օրը, այդ օրը Լեռնային Ղարաբաղի նախագահն իր հայաստանցի պաշտոնակցին ուղղված ուղերձում գրել է. «Այն, որ հայկական բանակն այսօր ամենամարտունակն ու կազմակերպվածն է տարածաշրջանում, անհերքելի իրողություն է և մեր ժողովրդի ամենանշանակալի նվաճումներից մեկը», գրում է Lenta.ru-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---