6 փետրվարի 2014 - 14:11 AMT
ԱՄՆ պետքարտուղարն 2016-ին չի առաջադրվի նախագահի պաշտոնում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ այս պաշտոնը վերջինն է համարում իր քաղաքական կարիերայում, հայտնում է Lenta.ru-ն՝ CNN-ին հղումով: «Մտադիր չեմ 2016-ին առաջադրվել նախագահի պաշտոնում: Սա իմ վերջին հանգրվանն է: Կաշխատեմ նախատեսված ժամկետում ու հետո առաջ կգնամ»,- հայտարարել է նա:

Քոլին Փաուելից հետո, որը թողեց պաշտոնը 2004-ին, Քերին առաջին տղամարդ պետքարտուղարը դարձավ: 1985-ից նա եղել է կրտսեր, իսկ 2009-2013 թթ.՝ ավագ սենատոր Մասաչուսեթս նահանգից, եղել է միջազգային գործերի գծով Սենատի կոմիտեի նախագահ: Սենատոր Քերին բազմիցս է հայտարարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին և սատարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

ԱՄՆ նախագահի 2004-ի ընտրություններում նա հայ համայնքին խոստացավընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն պարտվեց Ջորջ Բուշ-կրտսերին: Քերին կռվել է Վիետնամում, սակայն նախագահական ընտրություններին քննադատության առարկա դարձել Վիետնամի պատերազմի վետերանների համար:

2004-ին թուրքական ԶԼՄ-ները, մասնավորապես՝ Zaman թերթը, գրել էին, որ Քերին հայտարարել է, թե «չի խոստացել նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: ԱՄՆ հայկական կազմակերպությունների ղեկավարներն անհապաղ դիմել էին դեմոկրատների ընտրական շտաբի առաջնորդներին՝ խնդրելով պարզաբանել իրավիճակը: Քերիի մամուլի քարտուղար Մարկ Քիթչենսը հերքեց Zaman-ի հաղորդագրությունը:

«Հրապարակումը թուրքական Zaman-ում չի համապատասխանում իրականությանը,-պնդում է պարոն Քիթչենսը:-Ջոն Քերիի ամբողջ գործնեությունը Սենատում, ինչպես նաև այս արշավի ժամանակ վկայում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը նրա հետևողական աջակցության մասին: Ջոն Քերին տարիներ շարունակ զբաղվել է հայերին հուզող հարցերով, նա հպարտանում է նրանց աջակցությամբ…»:

Եվ այնուամենայնիվ, Քերին չդիմեց Zaman-ի խմբագրությանը հերքման պահանջով: Ընտրական շտաբն ասաց, որ շարադրված տեղեկությունները չեն համապատասխանում իրողությանը, սակայն չպնդեց, թե Քերին նման բառեր չի ասել հարցազրույցում, որը նրան էր վերագրվում: Zaman-ն իրոք սուբյեկտիվ եզրակացություններ է արել Քերիի արտահայտությունների հիման վրա: Սակայն մեջբերումները Քերիի հարցազրույցից ինքնին արդեն խոսուն են: Օրինակ, ահա թե ինչպես պատասխանեց Ջոն Քերին լրագրողի հարցին «հայկական ցեղասպանության ճանաչմանը հասնելու իր խոստման» մասին.

«Վերջին 10 տարիներին ես նման ոչ մի բան չեմ ասել»: Ինչո՞ւ միայն վերջին 10-ը, որովհետև Քերին խոստովանում է, որ 1990-ականներին սատարել է Հայոց ցեղասպանության մասին Ներկայացուցիչների պալատի բանաձևին: Սակայն, շուտով, ինչպես հետևում է Zaman-ի տեքստից, նա վերանայել է իր մոտեցումները: Ակնհայտ է, որ Քերին ինչ-որ բան չի ասում: Քանի որ դժվար չէ համոզվել, որ դեմոկրատների առաջնորդը միայն վերջին կես տարում տասն անգամ արտահայտվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Բերենք միայն մի քանի մեջբերում Ամերիկայի հայերին ուղղված նրա ուղերձներից:

«Միանում եմ ԱՄՆ հայ համայնքին հարգանքի տուրք մատուցելու համար Հայոց ցեղասպանության զոհերին և կոչ եմ անում կառավարություններին ու ժողովրդներին պաշտոնապես ճանաչել այդ ողբերգությունը…»:

«Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ԱՄՆ հայ համայնքը հիշեցնում է մեզ մեր ընդհանուր պատասխանատվության մասին նման ողբերգության կրկնությունը կանխելու գործում: Ես հպարտ եմ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործում հայերի հետ համագործակցելու համար…»:

«Եթե նախագահ դառնամ, կշարունակեմ աշխատանքը Հայոց ցեղասպանության մերժողականության դեմ… Իմ վարչակազմը ճանաչում է 2005-ի ապրիլի 24-ը որպես այդ բարբարոսության 90-ամյակ և ձգտելու է ապագայում կասեցնել նման հանցագործությունների կրկնությունը…»:

«Օսմանյան կայսրության ղեկավարները մեղավոր են 1915-23 թթ. 1,5 մլն հայերի՝ տղամարդկանց, կանանց ու երեխաների, սպանության մեջ ազգային զտման իրենց քաղաքականության շրջանակում…»: Նշենք, որ ԱՄՆ հայ համայնքն ավանդաբար քվեարկում է հօգուտ դեմոկրատների:

Պետքարտուղարի պաշտոնում Քերիին հաջողվեց հասնել պաղեստինա-իսրայելյան բանակցությունների վերսկսմանը: Բացի այդ, նա հանդիպել է իրանցի իր պաշտոնակից Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Նման բարձր մակարդակով ԱՄՆ-ն ու Իրանը չէին բանակցել արդեն 6 տարի: Բացի այդ, Ջոն Քերին ակտիվորեն կողմ է ուժի կիրառմանը Սիրիայում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար:

2016-ի նախագահի պաշտոնի հավակնորդների ցանկում ԶԼՄ-ները նշում են նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ու փոխնախագահ Ջո Բայդենին:

Photo: AFP