6 փետրվարի 2014 - 16:46 AMT
Ռուս փորձագետը ԼՂՀ մասին. Չի կարելի լուծել մի խնդիր, որն այս փուլում ուղղակի անլուծելի է

Խաղաղ փոխզիջումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ այժմ անհնար է, քանի որ դրան պետք է շատ երկար գնալ, նախապատրաստել Ադրբեջանի ու Հայաստանի հասարակություններին: Ուստի այս դիվանագիտական ակտիվութունը ոչ մի «բեկումնային» արդյունք ունենալ չի կարող: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ասաց Ռուսաստանի Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ, Զարգացման ու արդիականացման խնդիրների կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Կռիլովը:

Ըստ նրա, համանախագահները լուծում են ընթացիկ խնդիրներ՝ պահպանել իրավիճակն այս մակարդակում, թույլ չտալ, որ սրացումը զարգանա, թույլ չտալ, որ այն դուրս գա երկու երկրների ղեկավարների վերահսկողությունից: «Այդպիսով միջնորդներն ուզում են խուսափել ռազմական գործողությունների վերսկսումից, այդ թվում նաև չվերահսկվող: Միջնորդները հենց այդ խնդիրներն են լուծում, բայց ասել, որ խաղաղ գործընթացն անիմաստ է, քանի որ չի լուծում խնդիրն արագ ու միանգամից, սխալ կլինի: Չի կարելի լուծել մի խնդիր, որն այս փուլում ուղղակի անլուծելի է»,- ասել է Կռիլովը:

Ընդգծելով, որ ղարաբաղյան խնդիրը չի կարելի սեղմ ժամկետում կարգավորել, նա օրինակ է բերել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որն արդեն մոտ 40 տարի գոյություն ունի, սակայն ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: Մյուս կողմից, եղել են նաև արագ հանգուցալուծման օրինակներ և այն եղել է ռազմաուժային, ինչպես, օրինակ, Շրի Լանկայում, որտեղ կառավարական բանակը կարողացավ ջախջախել չճանաչված Թամիլ-իլամի պետությունը:

«Սակայն, ի տարբերություն Շրի Լանկայի, Հարավային Կովկասում հակամարտության կողմերից մեկը չունի բացահայտ առավելություն, այստեղ ռազմաքաղաքական բալանս է առաջացել, որը երաշխավորված է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությամբ: Այսպիսի հակամարտությունում ուժային սցենար իրագործելու համար պետք է բացարձակ վստահ լինել, որ պատերազմը հաջող ու կայծակնային կլինի:

«Այժմ Ադրբեջանը հիմնական ջանքերն ուղղել է բարոյական ու դիվանագիտական ճնշմանը, դա մտածված ու հետևողական պետական քաղաքականություն է: Հիշեք Գերմանիան Երկրորդ համաշխարհայինի շեմին, և նույնիսկ առաջին փուլում: Զավթելով Ավստրիան, Չեխոսլովակիան, իսկ հետո Արևմտյան Եվրոպայի մեծ մասը՝ ֆաշիստական

Գերմանիան չուներ կենդանի ուժի ու տեխնիկայի առավելություն, փոխարենն ուներ լավ մշակված հարձակողական քարոզչություն, որը համոզեց գերմանացիներին, որ հնարավոր է ջախջախել թշնամուն և հակառակը՝ ճնշեց նրա հակառակորդների դիմադրելու կամքը: Այս առճակատման պայմաններում պատմության նման դասերն առանձնապես ակտուալ են դառնում հայկական կողմի համար: Վաղը պատերազմ չի լինի, սակայն Բաքվի կողմից համապարփակ բարոյական ճնշումն իշխանությունների ու հասարակության վրա բոլոր հնարավոր կանալներով կպահպանվի, և հավանաբար, միայն կուժեղանա»,- ասել է Ալեքսանդր Կռիլովը: