6 փետրվարի 2014 - 17:08 AMT
Freedom House. Ժողովրդավարության ճգնաժամը Թուրքիայում կարող է վտանգել հարաբերություններն ԵՄ ու ԱՄՆ հետ

Թուրքիայի կառավարությունն անընդունելի կերպով է օգտագործում ԶԼՄ-ների հանդեպ իր լծակները՝ սահմանափակելու համար կառավարության աշխատանքի հանրային քննարկումը, և պատժում է լրագրողներին ու ԶԼՄ-ների սեփականատերերին՝ խորացնելով երկրի քաղաքական ու սոցիալական բևեռացումը: Այդ մասին ասվում է Freedom House-ի Թուրքիայի մասին զեկույցում:

«Կառավարությունը պետք է խոստովանի, որ խոսքի ազատությունը վերահսկելու իր ջանքերը էլ ավելի են օտարացնում Թուրքիայի քաղաքացիներին ու կարող են վտանգել կայունությունը երկրում: Դա կարող է ռիսկային լինել ԵՄ հետ Թուրքիայի ինտեգրման ու ԱՄՆ հետ ամուր միության համար: Ժողովրդավարության ճգնաժամը Թուրքիայում դա ապագայի խնդիր չէ: ԶԼՄ-ները հսկայական ճնշումների են ենթարկվում կառավարության կողմից, իսկ այժմ այն տարածել է հսկողությունը՝ թիրախային դարձնելով նաև այլ հաստատություններ»,-ասել է Freedom House-ի ղեկավար ու զեկույցի համահեղինակ Դևիդ Կրամերը: Զեկույցում նշվում են խոսքի ազատությունը ճնշելուն ուղղված թուրքական կառավարության քայլերը, որն ակտիվացել է 2013 թվականի դեկտեմբերին ծայր առած խոշոր կոռուպցիոն սկանդալից հետո: Անցյալ տարի տասնյակ լրագրողներ են ազատվել աշխատանքից կառավարության ճնշման հետևանքով: Հատուկ զեկույցը կարճաժամկետ ու երկարաժամկետ խորհուրդներ է պարունակում Թուրքիայի կառավարությանը, ինչպես նաև Եվրամիությանն ու ԱՄՆ-ին, թե ինչպես սատարել ժողովրդավարությանը Թուրքիայում:

«Մեծ կաշառք» գործողության շրջանակում և 2013 թ. դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված գործողության արդյունքում 52 մարդ է ձերբակալվել, այդ թվում գործարարներ ու որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը: Թուրքիայի էկոնոմիկայի և ներքին գործերի նախարար Զաֆեր Չաղլայանը, քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը և ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հրաժարական տվեցին: Եվս յոթ նախարարների պաշտոններից հեռացրեց Էրդողանը: Կառավարության նոր կազմը հրապարակվեց դեկտեմբերի 26-ին:

Կաշառքի ընդհանուր գումարը կազմել է 64 մլն դոլար: Բարձրաստիճան պաշտոնյաների ու դատախազության աշխատակիցների ձերբակալություններից հետո կտրուկ անկում ապրեց թուրքական լիրան:

Photo: AFP