Ադրբեջանում ևս մեկ զինվորի դի է հայտնվել. Այն փորձում են վերագրել հայ դիպուկահարին

Ադրբեջանում ևս մեկ զինվորի դի է հայտնվել. Այն փորձում են վերագրել հայ դիպուկահարին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական մամուլում հերթական տեղեկություններն են տարածվում, որ փետրվարի 6-ի երեկոյան հայկական կողմի՝ «շփման գծում հրադադարի հերթական խախտման արդյունքում դիպուկահարի գնդակից զինվորական պարտքը կատարելիս զոհվել է շարքային Էշգին Գուլիևը», ում հետմահու «Գերազանց ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ է շնորհվել:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկությունները հերքել է: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, ազերիների տարածած լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Ինչպես նա ասաց PanARMENIAN.Net ին, հրադադարի ռեժիմի խախտման աճ չի գրանցվել, իսկ Ադրբեջանի կողմից խախտումները սովորական բնույթի են:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի ընթացքում Երևանում ու Բաքվում հայկական ու ադրբեջանական կողմերը հայտարարել էին, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի առաջիկա օլիմպիական խաղերի անցկացման ժամկետին:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն զինված հակամարտությունների մասնակիցներին կոչ էր արել խաղերի ընթացքում «օլիմպիական զինադադար» հայտարարել, անկախ երկրից:

«Նախևառաջ, մեր կոչն ուղղված է Սիրիայում հակամարտող կողմերին. նրանց գործողություններն ապակայունացնող ազդեցություն են թողնում ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- նշված էր ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Ադրբեջանում վերջերս պարբերաբար զոհված, վիրավոր ու անհետ կորած զինծառայողներ են ի հայտ գալիս, որոնք, ամենայն հավանականությամբ, Արցախի հետ շփման գծում ազերիների չստացված դիվերսիաների զոհերն են:

Վերջերս թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում էր հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Արդեն հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:

Այդպիսով, հունվարի 23-ին ադրբեջանական մամուլում տեղեկություն էր տարածվել, թե շփման գծում հրադադարի խախտման հետևանքով ղարաբաղյան կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանցի կապիտան Էլնուր Ջաֆարովը: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով Ջաֆարովը հետմահու պարգևատրվել է «Ծառայությունում վաստակի համար» 3-րդ աստիճանի մեդալով:

ԼՂՀ ՊԲ-ն հերքել էր այդ հաղորդագրությունը՝ հայտարարելով, թե իբր հունվարի 23-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ արձանագրված հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմի կրակոցից զոհվել է ադրբեջանական բանակի կապիտան Էլնուր Ջաֆարովն իրականությանը չի համապատասխանում:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ միայն հունվարի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Բաքվի լրատվամիջոցների հաղորդմամբ, ադրբեջանական բանակում (իբր տարբեր հանգամանքներում) արձանագրվել է մահվան 2 և վիրավորման 6 դեպք: Իսկ այս ամենից արվելիք հետևությունը, թերևս, մեկն է. Ադրբեջանի ռազմական «ագիտպրոպը» նրբանկատորեն փորձում է ներկայացնել այն, ինչի մասին պետք է խոստովաներ օրեր առաջ:

Եվս մեկ վիրավորել էր ինքն իրեն՝ վնասելով ոտքը: Վիրավորը հոսպիտալացվել էր: Եվս մեկ դեպք էլ էր եղել. ըստ տեղեկատվույթան, Ղազախի շրջանի N զորամասում ծառայող Հուսեյն Մագոմեդովն անհետացել է, հանգամանքները դեռևս պարզված չեն: Կարծում են, որ նա դիմել է փախուստի, նա որոնման մեջ էր:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---