25 ապրիլի 2006 - 21:18 AMT
Բաքվում առաջարկում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք տարբերակ
«2006 թվականը հայտարարված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարի: Ծանոթ լինելով նախագահ Բուշի համառությանը, կարելի է ակնկալել, որ մեզ մի նոր Դեյթոն է սպասում: «Ուղղակի Ադրբեջանին եւ Հայաստանին կարվեն այնպիսի առաջարկներ, որոնցից հնարավոր չի լինի հրաժարվել»,-գրում է Բաքվի «Զերկալո» թերթում Պատերազմի եւ խաղաղության հետազոտությունների ինստիտուտի Բաքվի գրասենյակի ղեկավար Շահին Ռզաեւը: Ըստ նրա, դեռեւս կա մի քանի իրական մոդել, որոնք տեսականորեն կարող են բանակցությունների առարկա դառնալ: «Չքննարկենք այնպիսի մոդելները, ինչպես «ընդհանուր պետությունը» կամ «մշակութային ինքնավարությունը», քանի որ պարզ է, որ այսօրվա դրությամբ դրանք իրատեսական չեն (եթե բացառենք ռազմական ուղին)»,-գրում է նա: Շ.Ռզաեւը բերում է կարգավորման երեք տարբերակ: «Հետաձգված հանրաքվեն նշանակում է որոշ ժամանակ անց Ղարաբաղի անկախության ճանաչում: Աշխարհում արդեն կան նման նախադեպեր, թեկուզ Արեւելյան Թիմորը կամ Էրիթրեան: Չեմ կարծում, որ մեր իշխանությունները գիտակցաբար կգնան այդ տարբերակին, բայց եթե համաձայնվեն հանրաքվեի, թեկուզ 15-20 տարի անց, դա կնշանակի «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ»,-գտնում է նա:

Երկրորդ տարբերակը, ըստ նրա, «ինքնավարության բարձր աստիճանն է»: «Աշխարհին հայտնի հաջող ինքնավարություններից ոչ մեկը, լինի դա Գրենլանդիան թե Ալանդյան կղզիները, չեն կարող կիրառվել մեր դեպքում: Բայց ինչու չհորինել ինքնավարության մի հարավկովկասյան մոդել, կիրառելու համար ղարաբաղյան, հարավօսական, աբխազական հակամարտություններին: Ենթադրենք, Ղարաբաղի հայերը համաձայնվեցին այդ մոդելին»,-գրում է Ռզաեւը: Սակայն, ըստ նրա, ադրբեջանական հանրությունը պատրաստ չէ դրան: «Կկարողանա՞ արդյոք մեր հասարակությունը, որ գտնվում է պետական հակահայկական քարոզչության ուժեղ ճնշման տակ, միանգամից վերակառուցվել եւ հանգիստ վերաբերել նրան, որ հայ պատգամավորները Լեռնային Ղարաբաղից կգան խորհրդարանի նիստին եւ հանդես կգան հանրային հեռուստատեսությամբ: Պատրա՞ստ ենք մենք այն բանին, որ Բաքվում բացվի ԼՂԻՀ (արդեն առանց չակերտների) ներկայացուցչություն եւ նրա առջեւ ծածանվի ԼՂ դրոշը (իսկ որ նման դրոշ, զինանշան եւ օրհներգ պիտի լինի, ոչ մի կասկած չկա): Միանշանակ, մենք դեռեւս դրան պատրաստ չենք»,-եզրակացնում է ադրբեջանցի լրագրողը:

Եվ, վերջապես, երրորդ տարբերակը` «Թայվանի մոդելն է»: «Վերջերս Ղարաբաղի հայերը հաճախ են կրկնում տարբեր միջազգային համաժողովներում` «համեմատեք մեր ընտրություններն ադրբեջանականների հետ, մենք չենք ցանկանում ապրել բռնատիրական երկրում»: Սակայն, եթե մենք լրջորեն ենք տրամադրված ինտեգրվել Ղարաբաղի հայերի հետ, պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք մեր երկրի ժողովրդավարացման ուղղությամբ եւ պատրաստ լինենք ընդունել օրենսդրական ակտեր, որոնք կերաշխավորեն նրանց իրավունքները: Հակամարտության կոնսերվացման Թայվանի ուղին առավել իրատեսական է թվում»,-համոզված է Շ.Ռզաեւը: