26 ապրիլի 2006 - 15:03 AMT
Գերմանիայի 11 հազար թուրքերը կողմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը
2004 թվականին «Միություն ընդդեմ ցեղասպանության» գերմանական կազմակերպության նախագահ, թուրք լրագրող Ալի Էքթեմը 11 հազար ստորագրություն է հավաքել Գերմանիայում բնակվող թուրքերի շրջանում, որոնք կողմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ստորագրությունները ներկայացվել են ինչպես Գերմանիայի, այնպես էլ այլ երկրների խորհրդարաններ: Ըստ Ալի Էքթեմի, իր կազմակերպության առաջնահերթ խնդիրը Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է Թուրքիայի եւ թուրք հանրության կողմից: Նրա խոսքերով, այդ ստորագրությունները նրանք ներկայացրել են նախ եւ առաջ թուրքական խորհրդարան, սակայն իր երկրի իշխանությունները մինչ այժմ ոչ մի պատասխան չեն տվել: «Թշնամանքը չի կարող հավերժ տեւել: Թուրքիան պետք է հաշտվի այդ փաստի հետ եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ես համոզված եմ, որ Թուրքիայում բնակվող ժողովուրդները նույնպես կդատապարտեն եւ կճանաչեն այդ իրողությունը»,-ընդգծել է Ալի Էքթեմը: Ըստ նրա, միջազգային կազմակերպությունները այդ առումով շատ անելիք ունեն: «Նրանք պետք է որպես միջնորդ հանդես գան հայ եւ թուրք ժողովրդների միջեւ ցեղասպանության հետեւանքների վերացման շուրջ երկխոսության հարցում»,-գտնում է Էքթեմը: