26 ապրիլի 2006 - 18:45 AMT
ԵԽ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է ողջ աշխարհի շահերից
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, թե ուշադիր հետեւում է «այն ամենին, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ»: «Ափսոս, որ այդ խնդրի լուծումն այդքան ժամանակ է խլում, քանի որ կարագավորումը բխում է Հայաստանում, Ադրբեջանում եւ հատկապես Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց շահերից»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը: Պատասխանելով Հարավային Կովկասում մինչեւ առկա հակամարտությունների կարգավորումը տարածաշրջանային համագործակցության հնարավորության մասին հարցին` Թ.Դեւիսը ասել է, որ «համագործակցություն միշտ է հնարավոր, սակայն լուրջ հակամարտությունների առկայությունը սահմանափակում է դրա մակարդակն ու ծավալը»: Պատասխանելով ղարաբաղյան կարգավորման գործընթացին ԵԽ առավել ակտիվ ներգրավման հեռանկարների մասին հարցին` Դեւիսն ասել է.«Այս գործընթացում առաջատար դերը ԵԱՀԿ Մինսկի խմբինն է: Ես անկեղծորեն հաջողություն եմ ցանկանում ռուս, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներին այդ բարդ աշխատանքում, որոնվ նրանք զբաղվում են: Այդ հակամարտության կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլ ողջ աշխարհի շահերից: Սակայն, կրկնվեմ, առաջատար դերն այստեղ ԵԱՀԿ-ինն է, ոչ թե Եվրոպայի Խորհրդինը, հաղորդում է «Մեդիամաքսը: