Քողարկված կյանք. Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը կդառնար 90 տարեկան

Քողարկված կյանք. Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը կդառնար 90 տարեկան

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին լրանում է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի 90-ամյակը: Գևորգ Վարդանյանը վախճանվել է 2012-ի հունվարի 10-ին Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցում օնկոլոգիական հիվանդությունից: Գևորգ Վարդանյանի կինն ու հավատարիմ զինակից Գոհար Վարդանյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված մեծ հարցազրույցում կիսվել է իր հիշողություններով և պատմել, թե ինչպես է ապրում ամուսնու մահից հետո: «Ընկերներս, Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարությունը ողբերգական այն օրերից անմիջապես հետո ինձ հոգատարությամբշրջապատեցին: Միայն դրա շնորհիվ չհետևեցի Գևորգին: Անպայման կանեի դա, եթե չլիներ ամենօրյա աջակցությունը, ընկերներիս ու բարեկամներիս հեռախոսազանգերն ու այցելությունները: Միայն դա է պատճառը, որ ապրում եմ: Կորցնելով այդպիսի հիանալի ամուսնու, ամբողջ կյանքիս ընկերոջը, որի հետ մեկ միասնություն էինք դարձել, միայնակ երբեք չէի կարողանա դիմադրել այդ վշտին»:

Գոհար Վարդանյանը նշում է, որ ամուսնու մահից հետո նրա ուսերին կրկնակի բեռ ծանրացավ. «Գիտեք, Գևորգը շատ էր սիրում երիտասարդներին, որոնց իր փորձն էր փոխանցում մինչև մահ: Հիմա ես եմ շարունակում նրա գործն ու փոխանցում ընդհատակյա աշխատանքի իմ փորձը»:

«Նա իրենանմնացորդ նվիրեց մարդկանց ու մեր Հայրենիքին: Մահվան մահճին Գևորգն ինձ ասաց. «Խնայիր քեզ, պահպանիր մեր երիտասարդներին, ներիր ինձ»,- հիշում է Գոհար Վարդանյանը:

Անդրադառնալով այցելություններին Հայաստան՝ Գոհար Վարդանյանը նշել է. «Երևան ամեն տարի եմ մեկնում, տարին երկու անգամ: Անպայման կմեկնեմ նաև այս գարնանը: Այս տարի երեք հարսանիքի հրավեր են ստացել: Ուզում են, որ ծանոթանամ փեսացուների հետ ու տեսնեմ հարսնացուներին: Գևորգից հետո բարի վերաբերմունքն իմ հանդեպ պահպանվել է, դա շատ հաճելի է»: Լեգենդար հետախույզը նաև զավեշտալի մի դեպք է պատմել ընդհատակյա հետախույզների կյանքից.

«Դա արտասահմանյան երկրներից մեկում էր, ուր ես և Գևորգը մեկնել էինք տևական գործուղման: Նոր էինք սկսել այնտեղ հիմնավորվել: Օրերից մի օր որոշեցի վարսավիրանոց գնալ ու սանրվածքս փոխել: Վարսավիրանոցում բիգուդիներ փաթաթեցին ու նստեցրին ֆենի տակ մազերը չորացնելու: Այն ժամանակ ֆենը նման էր մեծ երկաթե գմբեթի, որը ծածկում էր գլխի կեսը: Գևորգն ինձ փողոցում էր սպասում: Մի պահ տեսա նրան մեծ ապակյա ցուցափեղկի հետևից: Չգիտեմ ինչ անցավ մտքովս, բայս հանկարծ ակամայից բղավեցի նրան ռուսերեն. Ժոռա, շուտով կվերջացնեմ: Պատկերացնում եք իմ շոկը դրանից հետո: Մի պահ ուղղակի քարացա, միայն մի միտք էր պտտվում ուղեղումս, թե այս ինչ արեցի: Հետո զգուշավոր սկսեցի նայել, թե ինչ արձագանք գտավ արարքս շրջապատի մարդկանց մոտ: Փառք Աստծո, իմ վրիպումը այդ խառնաշփոթի մեջ ոչ ոք չնկատեց: Հետախույզը միշտ պետք է վերահսկի իրեն»:

Գևորգ Վարդանյանը ծնվել է Դոնի Ռոստովում։ 1930-ին Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան։ Գևորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ և նրա ցանկությամբ տղան հետախույզ դարձավ՝ 16 տարեկանում: 1940-ից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ։

Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943-ը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերության ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել էր կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։

1951-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում, շատ բարդ իրավիճակներում, բազմաթիվ հետախուզական օպերացիաներ է իրականացրել։ Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են 1986-ին։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել մինչև 1992-ը։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանն ակտիվորեն գործակցում էր արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպում երիտասարդ գործընկերներին և նրանց փոխանցում իր հարուստ կենսափորձը։

Հայ հետախույզն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---