27 ապրիլի 2006 - 14:26 AMT
Սթիվեն Մաննը լավատեսորեն է տրամադրված ղարաբաղյան հարցում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ղարաբաղյան հակամարտությունը համարում է իր երկրի գլխավոր խնդիրը: Հանդես գալով Միջազգային հարաբերությունների խորհրդում ԱՄՆ իր առաջին պաշտոնական այցի ժամանակ, նա հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները «հնարավորություն կստեղծեն արդար եւ կայուն խաղաղության համար` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա»: «Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ն որպես գերտերություն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կնպաստի այդ հակամարտության կարգավորմանը»,-հավելել է Ալիեւը: Նա ընդգծել է, որ Բաքվի տեսակետից կարգավորումը խաղաղ պետք է լինի, «ընդ որում բանակցությունների համար հիմք պետք է հանդիսանան միայն միջազգային իրավունքի նորմերը»: Ըստ Ալիեւի, «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է ՄԱԿ-ը եւ աշխարհի բոլոր երկրները, Հայաստանից բացի»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը, որը ներկա էր ելույթին, հայտարարեց, թե հաջորդ շաբաթ մտադիր է մեկնել Մոսկվա` գործընկերների հետ հերթական խորհրդակցությանը: Տրամադրված է նա բավական լավատեսորեն, գտնելով, որ «արդյունավետ հիմք է շոշափվում փոխզիջման համար»: Ամերիկացի դիվանագետը կարեւորում է մասնավորապես հրաժարումը բոլոր խնդիրները մեկընդմիշտ լուծելու փորձերից: Ինչպես նա պարզաբանեց, այժմ մոտեցումը հակառակն է` առաջընթաց քայլ առ քայլ` որոշ բարդ հարցերի լուծումը թողնելով ապագային, հաղորդում է Իտար-Տասսը: