27 ապրիլի 2006 - 15:24 AMT
ԱՄՆ-ից ստացվող օգնության ծավալներով Հայաստանը հանդիսանում է ամենախոշոր շահառուներից մեկը
Մեկ շնչին ընկնող ամերիկյան աջակցության չափերով Հայաստանը հանդիսանում է ամենախոշոր շահառուներից մեկը: 1992թ. ի վեր Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել է շուրջ 1.6 միլիարդ դոլար աջակցություն` նպաստելու երկրի ժողովրդավարական զարգացումներին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Նրա խոսքերով, այս աջակցության շրջանակում Միացյալ Նահանգները համագործակցում է Հայաստանի հետ երեք հիմնական նպատակների ուղղությամբ. դրանք են` ժողովրդավարական հաստատությունների ամրապնդում, Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության հաստատում ու տարածաշրջանի երեք երկրների տնտեսությունների զարգացում:

«Ի լրումն արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագրերի Միացյալ Նահանգները մշակել է մոտ 7 միլիոն արժողությամբ աջակցության մի փաթեթ, որը կօգնի Հայաստանին 2007 եւ 2008թթ. ընտրությունների ազատ ու արդարացի անցկացման հարցում: Ընտրական աջակցության այս փաթեթի շրջանակում աջակցություն է ցուցաբերվելու հանրապետական ընտրացուցակների պատրաստման ու ընտրազանգվածի իրազեկման քարոզարշավների իրականացման ասպարեզներում»,-ասել է նա: Ջ.Էվանսը նշել է, որ այն ներառում է նաեւ աջակցություն իրազեկիչ նյութերի պատրաստման, հասարակության տարբեր օղակների, այդ թվում դատական համակարգի ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ուսուցման ու լրատվամիջոցների համար փորձի փոխանակման ծրագրերի իրականացման ոլորտներում: Մենք կարծում ենք, որ Հայաստանի ապագայի համար կենսական նշանակություն ունի առաջիկա ընտրությունների ազատ, արդարացի ու թափանցիկ անցկացումը, որն այդպիսին պետք է ընկալվի ոչ միայն միջազգային հանրության կողմից, այլ նախ եւ առաջ` հայ ժողովրդի կողմից»,-ընդգծել է ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը:

Դեսպանը հիշեցրել է նաեւ, որ ԱՄՆ Հազարամյակի մարտահրավերների կորպորացիան մարտի 27-ին Հայաստանի հետ ստորագրեց 235 միլիոն դոլարի համաձայնագիր: Աջակցության այս ծրագիրն ուղղված կլինի գյուղական ճանապարհների վերակառուցմանն ու ոռոգման համակարգերի բարելավմանը, ու գյուղական բնակչության շուրջ 75 տոկոսն ուղղակիորեն կդառնա այս ծրագրի շահառու, այսպես` նրանց ամենամյա եկամուտները 2010թ. համար նախատեսվող 36 միլիոն դոլարի փոխարեն արդեն 2015թ. կկազմեն 113 միլիոն դոլար: Այս ֆինանսավորման ստացման նախապայմաններն ապահովելու համար Հայաստանը պետք է շարունակաբար հավատարիմ մնա արդարացի կառավարման, մարդկային կապիտալում ներդրումներ կատարելու ու տնտեսական ազատությունը խրախուսելու սկզբունքներին»,-հայտարարել է դեսպան Էվանսը:

Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ