Սիրիական բանակն ու ապստամբները Դամասկոսի գավառում հրադադար են կնքել

Սիրիական բանակն ու ապստամբները Դամասկոսի գավառում հրադադար են կնքել

PanARMENIAN.Net - Սիրիայի Դամասկոս Բաբիլյա, Բեյթ Սահմ, Ելդա և Աքրաբա գավառների ավաններում հաջողությամբ է պսակվել ընդդիմության ու բանակի հաշտեցումը: Ինչպես գրում է սիրիական SANA-ն, «եկավ մռայլ օրերի վերջը, երբ ավազակախմբերը վայրագ հանցագործություններ էին կատարում՝ ստիպելով տեղաբնակներին զանգվածաբար լքել հայրենի տները, թողնելով դրանք ահաբեկիչների թալանին»:

Դամասկոսի գավառի վարչակազմը ձեռնամուխ է եղել գրոհայինների քանդած ենթակառուցվածքների վերականգնմանը, երեխաները սկսել են նորից դպրոց հաճախել:

Դամասկոս գավառի նահանգապետ Հուսեյն Մահլյուֆը հայտարարել է լրագրողներին, որ հաշտեցման հաջողությունը Բաբիլյա, Բեյթ Սահմ, Ելդա և Աքրաբա գավառների ավաններում քաղաքացիների արիության ու բանակի քաջության արդյունքում հնարավոր դարձավ: Նա խոստացել է, որ առաջիկայում ղեկավարությունը կգոհացնի այդ բնակավայրերի բնակիչների բոլոր հիմնական կարիքները՝ կվերականգնվեն էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, հեռախոսակապը, կբացվեն բուժկետեր: «Եթե ազգային հաշտեցումը երկու տարի առաջ տեղի ունենար, կհաջողվեր փրկել բազում մարդկանց կյանքեր ու խուսափել արյունահեղությունից»,-ասում են գավառի բնակիչները:

Մինչդեռ Սիրիայի արաբական բանակի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Համա գավառի Մաան ավանի հյուսիսում, որտեղ ահաբեկիչները զանգվածային կոտորած էին իրագործել, չխնայելով ոչ կանանց, ոչ երեխաների: Գավառի արևելքում հաջող բանակային գործողության արդյունքում ոչնչացվել են տասնյակ գրոհայիններ:

Հոմս գավառի Ազ Զարա շրջանում Յալդիա և Դար Ալ Քաբիրա ավաններում ոչնչացվել են բազում ահաբեկիչներ: Մինչդեռ Թեհրանում Սիրիայի Ժողովրդական խորհրդի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լյահհամը Իրանի ներկայացուցիչ Ալի Լարիջանիի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև Իսլամական երկրների միջխորհրդարանական միության 9-րդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները:

Կողմերը հաստատել են երկու երկրների ու ժողովրդների հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը: Խստիվ դատապարտվել է ավազակային կազմավորումների գործունեությունը Սիրիայում: Կոչեր են հնչել ուղղված համաշխարհային հանրությանը՝ ճնշում գործադրել այն երկրների վրա, որոնք զինում են ու ֆինանսավորում Սիրիայի քաղաքացիների դեմ տարբեր հանցագործություններ կատարող ահաբեկչական խմբավորումներին: Ալ Լյահհամը երախտագիտություն է հայտնել Իրանի ժողովրդին ու ղեկավարությանը Սիրիայի հարցում դիրքորոշման համար:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Սիրիական կարգավորման «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովի առաջին փուլը մեկնարկեց հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո շարունակվեց Ժնևի Ազգերի պալատում: Երկրորդ փուլը մեկնարկեց փետրվարի 10-ին: Սա Սիրիայի իրավիճակին նվիրված առաջին խոշոր հանդիպումն էր Ժնևի 2012 թ. խորհրդաժողովից հետո: Խորհրդաժողովում ոչ մի պայմանավորվածություւն ձեռք չբերվեց:

Photo:sana.sy
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---