Ադրբեջանցիները կրկին գնդակոծել են ՀՀ տարածքը. Այս անգամ՝ Վազաշեն-Պառավաքար ճանապարհը

Ադրբեջանցիները կրկին գնդակոծել են ՀՀ տարածքը. Այս անգամ՝ Վազաշեն-Պառավաքար ճանապարհը

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներով մոտ կես ժամ գնդակոծել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհը: Տեղեկությունը PanARMENIAN.Net ին հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հայկական կողմից զոհեր ու վիարվորներ չկան:

Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասել է, որ ներկայումս կրակոցներ չկան, հայ սահմանապահներն ադրբեջանական զինուժին ուժգին հակահարված են տվել: Ներկայումս նշված ճանապարհը կիսափակ է, գրում է «Առավոտը»: Մարզկենտրոն Իջևանը Բերդի տարածաշրջանին կապող այդ ճանապարհով անցնել ցանկացողներին զգուշացվում է վտանգի մասին:

Փետրվարի 13-ին, ԼՂՀ պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, որ անտեսելով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ կոչերը` մասնավորապես` Սոչիում ընթացող Ձմեռային օլիմպիադայի ընթացքում հայտարարված ավանդական զինադադարի պահպանման կապակցությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կրակել հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ հրամանատարությունը նրանց գործողությունները կամ չի վերահսկում, կամ էլ այդ ամենը սահմանագծում իրավաճակի ապակայունացմանն ուղղված սադրանք է:

Փետրվարի 6-ին Երևան այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաղորդագրություն էին տարածել, որտեղ վերահաստատել էին մտահոգությունը՝ կապված շփման գծում ու սահմանին ոչ վաղ անցյալում իրավիճակի սրացման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ արել սեփական գործողություններում ու հայտարարություններում: Կողմերը հայտարարել էին, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի առաջիկա օլիմպիական խաղերի անցկացման ժամկետին:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն զինված հակամարտությունների մասնակիցներին կոչ էր արել խաղերի ընթացքում «օլիմպիական զինադադար» հայտարարել, անկախ երկրից: Վերջերս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում անկանոն կրակոցներ էին արձանագրվել հիմնականում ԼՂՀ հատվածում:

Հունվարի վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով իրավիճակը լարված էր:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Արդեն հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---