19 փետրվարի 2014 - 14:49 AMT
Չինական բանկերը պատրաստ են 1.9 մլրդ դրամ ներդնել «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագծում

Չինական բանկերը հետաքրքրված են «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման ծրագրով ու անգամ պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը` 1 մլրդ 920 մլրդ դոլար` նշել է «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության ներկայացուցիչը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

3 մլրդ 200 մլն դոլար գնահատված «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագծի մեկնարկի մասին հայտարարվել էր դեռ մեկ տարի առաջ, երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախագծի պատասխանատու, Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկին ասել է, որ շինարարությունը նախատեսվում է սկսվել 2016-ին, ավարտել 6 տարում:

Բորկովսկին կառավարության ղեկավարին է ներկայացրել «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, դրա տնտեսական ու տեխնիկական հիմնավորումը, ըստ որի երկաթգծի երկարությունը կլինի մոտ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից և 60 թունելներից, կունենա 27 կայարան:

Ուշագրավ է, որ նախագիծը մշակվել է Չինաստանի հաղորդակցության և շինարարության միջազգային ընկերության (CCCC International) կողմից, որն այս բնագավառում ունի երկարատև փորձ և մեծ ճանաչում: Այն իրական դարձնելու համար Տիգրան Սարգսյանը անհրաժեշտ է համարել աշխատանքների իրականացման համար «ճանապարհային քարտեզի» մշակումը:

Ըստ նախագծի` երկաթգիծը սկիզբ է առնելու Գավառ քաղաքի մոտակայքից ու ձգվելու է մինչեւ Մեղրի քաղաքի մոտակայքը և միանալու է Հայաստանի կենտրոնական երկաթուղային համակարգին:

Երկաթուղու կառուցման մեկնարկով սկիզբ կդրվի տարիներ շարունակ քննարկվող «Հայաստան-Իրան» երկաթուղու նախագծի իրականացմանը, որի առկայությունը հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում ԱրմՆյուզին տված հարցազրույցում շատ էր կարեւորել Երեւանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին: Մինչ այդ անցած տարի Ռեիսին հայտարարել էր, որ հենց Հայաստանը սկսի երկաթգծի կառուցման իր հատվածը, Իրանը կսկսի իր հատվածինը։

«Հայաստան-Իրան» երկաթուղու կառուցումը Հայաստանի կառավարության առաջնային ծրագրերից է: Նախագիծը բազմիցս քննարկվել է երկու երկրների ամենաբարձր մակարդակի հանդիպումների ընթացքում 2006-ից: Իրագործվելու դեպքում «Հայաստան-Իրան» երկաթուղին «Հայաստանի հարավային երկաթուղու» Մեղրի հատվածից շարունակվելու է մինչեւ Իրանի հյուսիսում գտնվող Մարանդ քաղաքը:

Իր հերթին «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման դեպքում այն «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս է դառնալու, որը պետք է լինի Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին: