19 փետրվարի 2014 - 19:14 AMT
Ֆիննախ. Կուտակային պահումներ արած ու դրանք չփոխանցած գործատուները կրկնակի կպատժվեն

Հայաստանի այն գործատուները, որոնք կուտակվող կենսաթոշակի համար պահումներ են արել իրենց աշխատակիցներից, սակայն չեն փոխանցել այդ գումարները, կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության` զգուշացրել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Քանի որ Հայաստանի Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի միայն երկու հոդվածներ (մեկը մասնակի), մյուս հոդվածներում առկա պարտավորությունները չկատարելու դեպքում դրանց կատարման համար պատասխանատուները` գործատուները, կարող են պատժվել` նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` փետրվարի 19-ին պարզաբանել է Սարգսյանը:

Մինչ այդ` փետրվարի 18-ին ֆինանսների նախարարություն ու Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել էին, որ ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն»: Ըստ հաղորդագրության` հունվար ամսվա վճարման վերջնաժամկետը փետրվարի 19-ն է։

Ընգծելով, որ օրենքի 8-րդ հոդվածն ու ևս մի քանիսը կասեցված չեն, նախարարն ասել է, որ «գործատուների գրեթե 99 տոկոսն արդեն հաշվարկել է գումարները և պահումներ կատարել իրենց աշխատակիցներից»:

«Համաձայն օրենսդրության՝ դրանից հետո նրանք պարտավոր են գումարը փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին,- նշել է Սարգսյանը: - Հակառակ դեպքում հետևյալ հարցն է ծագելու, եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները և չեն վճարել կամ վճարելու այդ հաշվին, ապա ինչ է դա նշանակում: Իսկ դա նշանակում է, որ գործատուն պահել է աշխատակցից գումար, և, կոպիտ ասած, այդ գումարներից տոկոս աշխատել»:

«Այն դեպքում, եթե փոխանցած լիներ, այդ նույն եկամուտներն ու տոկոսները կստանային արդեն աշխատակիցները: Այս առումով գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության»,- հավելել է նա:

Ըստ նախարարի` գործատուից չստացված եկամուտների պահանջ կարող են ներկայացնել աշխատակիցները, ինչպես նաև պետությունը որպես աշխատողների իրավունքների պաշտպան կարող է պատասխանատվության ենթարկել նրանց:

ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողության կասեցման որոշում էր կայացրել ՍԴ-ն 2014-ի հունվարի 24-ի նիստում: Օրենքի մյուս` 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի քննության ավարտը նախատեսվում է մարտի 28-ին:

Կուտակային վճարները չփոխանցելու դեպքում օրենքով նախատեսված տուգանքները Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի գնահատմամբ համարժեք են հարկային օրենսդրությամբ` հարկերը չվճարելու տուգանքներին` գրում է Panorama.am-ը:

Ըստ Մակարյանի` եթե գործատուն չի կատարում պարտադիր վճարումներ, սանկցիաները կտրուկ են, մասնավորապես, չվճարված գումարների չափով կարող են կալանք դնել գործատուի գույքի վրա. «Այսինքն` կուտակայինը հարկի նման մի բան է»:

Գործատուների միության նախագահն անգամ տեղեկություններ ունի, որ որոշ ձեռնարկություններում աշխատողները օրինականորեն չեն ձևակերպվում որպես փաստացի աշխատող կամ աշխատողները հենց իրենք են գործատուներին խնդրում, որ չձևակերպեն, որպեսզի աշխատավարձն ամբողջությամբ ստանան: «Արդյունքում, ստվերայնությունն է ավելանալու»,- եզրակացրել է նա:

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցել է պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5% այդ աշխատողների անհատական հաշվին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի վճարի:

Փետրվարի 15-ին Կենսաթոշակային կուտակային համակարգին էր անդրադարձել նաև նախագահ Սերժ Սարգսյանը` այն «հասարակության համար կենսական», «կարևորագույն բարեփոխում» անվանելով ու ընգծելով, որ դրա նպատակը «ռազմավարական անորոշությունները» կրճատելն է: Նախագահը իր ելույթում նաև նշել էր, որ բարեփոխմանը դեմ է բնակչության 80 տոկոսը:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք դիմել էին ՍԴ՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել օրենքի մի շարք դրույթներ:

Փետրվարի 10-19-ը աշխատավարձից կատարված պահումների դեմ բողոքի ակցիաներ էին կազմակերպել «Հարավկովկոսսյան երկաթուղու», «Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի», «Երևանի մետրոպոլիտենի», «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Հայաստանի ատոմային էլկտրակայանի» աշխատակիցները:

Պարտադիր կուտակայինի դեմ պայքարի ակտիվ մասնակից «Դ!եմ եմ» նախաձեռնությունը հերթական` այս անգամ «Լուսավորման երթը», անցկացնելու է փետրվարի 21-ին: