27 ապրիլի 2006 - 16:57 AMT
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանում սպանվել է Հայաստանի հինգ քաղաքացի
Վերջերս Ռուսաստանում զգալիորեն ավելացել է ազգային հողի վրա կատարվող հանցագործությունների քանակը: Այդ մասին Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանում սպանվել է Հայաստանի հինգ քաղաքացի եւ վերջինը 17-ամյա պատանու սպանությունն էր Մոսկվայի «Պուշկինսկայա» մետրոյի կայարանում: «Պետք է սպասել քննության ավարտին, սակայն եթե կա ազգային տարր, մենք չպետք է լռենք: Միայն այդպես կարելի է կասեցնել նման հացագործությունները: Ռուսաստանի հայերի միությունը ուշադիր կհետեւի այդ սպանության քննությանը: Մենք առաջարկում ենք կլոր սեղան կազմակերպել հասարակական եւ ազգային կազմակերպությունների մասնակցությամբ, որին կքննարկվի իրավապահ մարմինների հետ աշխատելու հարցը` համատեղ գործողություններ մշակելու համար քսենոֆոբիայի դեմ պայքարում»,-ասել է Աբրահամյանը:

ՌՀՄ նախագահը գտնում է, որ Ռուսաստանը բախվել է շատ լուրջ խնդրի հետ, եւ «որքան շուտ Ռուսաստանը գիտակցի ազգային եւ կրոնական ատելության վտանգի մասշտաբները, այնքան շուտ հասարակությունը կբուժվի այդ հիվանդությունից», հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: