Թուրքական պորտալը մեղադրում է Ադրբեջանի ԱԳ և ՊՆ ղեկավարներին աղանդավոր նուրսիստների հետ կապերի համար

Թուրքական պորտալը մեղադրում է Ադրբեջանի ԱԳ և ՊՆ ղեկավարներին աղանդավոր նուրսիստների հետ կապերի համար

PanARMENIAN.Net - Թուրքական մամուլում և սոցցանցերում հրապարակումներ են հայտնվում, որտեղ Ադրբեջանի կառավարության անդամները մեղադրվում են Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած նուրսիստների կրոնական շարժման հետ կապեր ունենալու մեջ: Ինտերնետում հրապարակվել է նուրսիստների առաջնորդ Գյուլենի հեռախոսազրույցի ձայնագրությունը Թուրքիայի Արդյունաբերողների ու գործարարների կոնֆեդերացիայի (TUSKON) ղեկավար, Ուգանդայում Թուրքիայի պատվո հյուպատոս Մուստաֆա Գյունեյի հետ, որտեղ խոսք է գնում ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին պաշտպանության նախարար նշանակելու մասին: Զրույցի ժամանակ Զաքիր Հասանովը բնութագրվում է «որպես ջամահաթին մոտ մարդ» և ասվում է, որ Գյուլենը շնորհավորական նամակ է հղել նրան նշանակման կապակցությամբ, հայտնում է Haqqin.az-ը:

Այսօր՝ փետրվարի 20-ին, թուրքական «haber10» լրատվական պորտալը նմանատիպ նյութ է հրապարակել, որտեղ խոսք էր գնում արդեն այլ ադրբեջանցի նախարարի մասին: Ըստ պորտալի հաղորդագրության, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նուրսիստների կրոնական հոսանքի տարածման համար պայմաններ ստեղծող գլխավոր անձանցից մեկն է: Ինչպես գրում է պորտալը, Գյուլենն ամրապնդում է իր դիրքերը Ադրբեջանի էներգետիկայում և ԱՄՆ ու Իսրայելի աջակցությամբ խոչընդոտներ է ստեղծում Թուրքիայի էներգետիկ շահերի իրականացման համար: Այդ նպատակով արդեն միլիոնավոր դոլարներ են ծախսվել:

Ընդ որում թուրքական պորտալը, փաստաթղթերի վրա հղումով, հաստատում է, որ Գյուլենի խումբն ԱՄՆ-ում լոբբիստական գործունեություն է վարում Ադրբեջանում Թուրքիայի էներգետիկ քաղաքականության դեմ: Փաստաթղթերը հրապարակվել էին kemallevent.wordpress.com բլոգում Գեզի պուրակում բողոքների շեմին:

Ինչպես գրում է կայքը, խորհրդաժողովում «աննորմալ իրավիճակ» էր ստեղծվել, քանի որ հովանավորը Ֆեթուլլահ Գյուլենի Turkuaz Conucil կազմակերպությունն է, իսկ ամերիկացի մասնակիցներին վճարվել է 1,5 մլն դոլար: Խորհրդաժողովում քննարկվել են Ադրբեջանում Թուրքիայի էներգետիկ շահերի դեմ ուղղված հարցեր:

Հրապարակման մեջ ասվում է, որ նման միջոցառումների հետ միասին նուրսիստները իրենց ազդեցությունն են տարածում ադրբեջանական հանրության շրջանում, որը տարածվում է նաև Գյուլենի դպրոցների միջոցով: Ւսկ նուրսիստական «ջամահաթի» դիրքերի ամրապնդումն Ադրբեջանում իրականացվում է Բաքվի ու Թել Ավիվի հարաբերությունների ամրապնդմանը զուգահեռ: Նույնիսկ հիջաբ կրելու արգելքն Ադրբեջանում բխում է Իսրայել-ԱՄՆ-Գյուլեն դաշինքի շահերից:

Գյուլենի շարժումը, որն Ադրբեջանում հայտնի է նաև որպես «Նուրջուրլար» (նուրսիստներ), կրոնական կազմակերպություն է, որը մասնագետները համարում են «թուրքական կրոնական աղանդ», «ծայրահեղական կազմակերպություն», «պանթուրքիստական», ինչպես նաև «պանիսլամիստական» կամ «քրդական ծայրահեղական» կազմակերպություն: Կազմակերպությունը ստեղծվել է Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմից հետո ազգությամբ քուրդ, հայտնի աստվածաբան, Ղուրանի մեկնաբան, վահաբբիզմի հակառակորդ Սաիդ Նուրսիի կողմից: Այսօր նուրսիստների համայնքի համախառն կապիտալը հասնում է 80 մլրդ դոլարի:

Չնայած սահմանափակումներին, նուրսիստները շարունակում են վայելել Թուրքիայի պետական ու քաղաքական գործիչների գաղտնի հովանավորությունը: Ընդ որում, իշխանությունները, խրախուսելով նրանց լուսավորչական գործունեությունը Թուրքիայի սահմաններից դուրս, որտեղ «շարժումն» առաջ է տանում Անկարայի հովանու ներքո թրքական գերակայության ու իսլամական աշխարհի միավորման անհրաժեշտության գաղափարը, օգտակար համարեցին նուրսիստներին Թուրքիայի ռազմավարական խնդիրների տեսակետից:

Էրդողանի իշխանության գալուն պես նուրսիստների դիրքերը զգալիորեն ամրապնդվեցին: 90-ականներից սկսած Նուրչուլարի ներկայացուցիչները Թուրքիայի սահմաններից դուրս բացել են 500 պաշտոնապես գործող ու աշխարհիկ համարվող ուսումնական հաստատություն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---