27 ապրիլի 2006 - 19:10 AMT
Ջազի ամերիկացի երգչուհի Ջուդի Բեյդիի առաջին ուսուցիչները հայեր էին
«Ջազի իմ ուսուցիչն է եղել հայ դաշնակահար, կոմպոզիտոր եւ հնչյունավորող Արմեն Դոնելյանը: Իսկ երաժշտության առաջին ուսուցիչն է եղել նույնպես հայազգի Գրեգորի Թորոյանը»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ջազի ամերիկացի երգչուհի Ջուդի Բեյդին: Նրա խոսքերով, ջազի հիմքը ժողովրդական մեղեդին է եւ այդ առումով հայկական ջազում շատ զգալի է հայկական մելոսի առկայությունը: «Երգել ես սկսել եմ եկեղեցում, երգել եմ հոսպելսներ (հոգեւոր երգեր), այնուհետեւ սովորել եմ Նյու Յորքում, որը համարվում է ջազի կենտրոն: Երեւանում ես կկատարեմ իմ սեփական կոմպոզիցիաները, ինչպես նաեւ դասական ջազ»,-նշել է նա: Ինչ վերաբերում է ծանոթությանը հայ ջազային երաժիշտների ստեղծագործությանը, ապա Բեյդին ասել է, թե արդեն լսել է Արմեն Թութունջյանի «Չիկոն եւ ընկերները» խմբի ձայնագրությունները եւ այժմ անհամբեր սպասում է համատեղ համերգին: Ավելացնենք, որ Jazz Parade համերգը կկայանա Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի դահլիճում ապրիլի 29-ին: Բեյդիի քառյակում նվագում են նաեւ Միշա Պյատիգորսկին եւ Հանս Գլավիշնիկը, որոնք որոշ ժամանակ ելույթներ են ունեցել հայտնի ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննեսյանի հետ: Նշենք, որ Ջուդի Բեյդիի քառյակը Երեւանում է հերթական JazzApprecation Month կապակցությամբ, որ կազմակերպում է Երեւանում ԱՄՆ դեսպանատունը: