Ղրիմը մտադիր է վերամիավորվե՞լ Ռուսաստանի հետ

Ղրիմը մտադիր է վերամիավորվե՞լ Ռուսաստանի հետ

PanARMENIAN.Net - Ղրիմի Գերագույն ռադայի արտահերթ նիստում քննարկվել է Ուկրաինայի կազմից թերակղզու դուրս գալու հարցը, տեղեկացրել է Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսի նախագահ Ռեֆատ Չուբարովը: Ըստ նրա, Ղրիմի Նախարարների խորհրդի նախագահ Անատոլի Մոգիլյովն այժմ Կիևում է:

«Եթե Ղրիմի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը հակասահմանադրական որոշում կայացնի Ուկրաինայից անջատվելու մասին, կամ Ռուսաստանին ուղղված ինչ-որ կոչ, ապա Մոգիլյովը, որպես Ղրիմի Ռեգիոնների կուսակցության տեղի կազմակերպության նախագահ, ևս պատասխանատու կլինի դրա համար»,- հայտարարել է Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսի նախագահը:

Գերագույն ռադայի նիստից առաջ «Ղրիմի ռեգիոններ» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ շենքին են մոտեցել Ղրիմում Եվրամայդանի կողմնակիցները, մոտ 30 մարդ, հայտնում է «ՈւՆՆ»-ն:

Որոշ ժամանակ անց նրանց դիմաց շարվել են կազակների կազմակերպությունների անդամներն ու Սիմֆերոպոլի բնակիչները: Ղեկավարի հրահանգով նրանք սկսել են ծեծել Եվրամայդանի կողմնակիցներին:

Հակամայդանի ցույցի մասնակիցները ժամանակ առ ժամանակ վանկարկել են. «Բանդերականներ, դուրս Ղրիմից», «Ուկրաինան դա Ռուսիա է», և սպառնացել են Մայդանի մասնակիցներին: Բախման ժամանակ Եվրամայդանի կողմնակիցներից մեկի ձեռքում ատրճանակ է հայտնել, սակայն միլիցիան առգրավել է այն:

Մինչդեռ շարունակվում է Ղրիմի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովի աշխատանքային այցը Մոսկվա: Ղրիմի պատվիրակության կազմում են Գերագույն խորհրդի նախագահության անդամներ Կոնստանտին Բախարևը, Նիկոլայ Յանակինը, Սերգեյ Ցեկովը: Այցի գլխավոր նպատակն է պայմանավորվածության հասնել ՌԴ Պետդումայի ղեկավարության հետ Ղրիմում խոշոր հումանիտար նախագծերի իրականացման մասին: Մասնավորապես, նախատեսվում է 2014-ին անցկացնել «Մեծն ռուսաց խոսքը» խորագրով VIII միջազգային փառատոնը, հուշահամալիր բացել, նվիրված ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի զոհերին, որը Մեծ Հայրենականի տարիներին եղել է նախկին «Կրասնի» սովխոզի տարածքում:

1954-ի փետրվարի 19-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը Ղրիմի մարզը ՌԴ կազմից փոխանցեց Ուկրաինայի ԽՍՀ-ին:

2010-ի ապրիլին Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը համաձայնվեց երկարացնել Սևաստոպոլում Ռուսաստանի կողմից ռազմածովային բազայի վարձակալության ժամկետը, որը սպավռում էր 2017-ին, ևս 25 տարով հետագա երկարացման հնարավորությամբ: Դրա շնորհիվ Ղրիմի հարցը կորցրեց սրությունը:

Ինչ վերաբերում է Ղրիմի բնակիչների տրամադրություններին, ապա, ելնելով Ուկրաինայում երբևէ կայացած ընտրությունների արդյունքներից,Ղրիմն Ուկրաինայում ամենառուսամետ շրջանն է: Դեռ մինչև ԽՍՀՄ փլուզումը, 1991-ի փետրվարի 12-ին Ղրիմի շրջանն ինքնավար հանրապետության կարգավիճակստացավ: Սակայն ըստ 2013-ի նոյեմբերի տվյալների, Ղրիմում ևս քիչ չեն անկախության կողմնակիցները՝ 54 տոկոս: Ղրիմի բնակիչների մեծ մասին անհանգստացնում է, որ կրթական գործընթացն ու գործավարությունը կարող են ուկրաիներենի փոխվել:

Ըստ վերջին մարդահամարի, որն անցկացվել է 2001-ին, ուկրաիներենը մայրենի լեզու է համարում Ղրիմի բնակիչների 10,1 տոկոսը: Ըստ փորձագետների, փաստացի բնակչության 97 տոկոսը ռուսալեզու է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---