Սիրիահայերը չեն շտապում ներդրումներ անել «Նոր Հալեպում»

Սիրիահայերը չեն շտապում ներդրումներ անել «Նոր Հալեպում»

PanARMENIAN.Net - Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար «Նոր Հալեպ» կառուցելու կառավարության ծրագիրը դեռ էական արդյունքներ չունի: Աշտարակում կառուցվելիք թաղամասը, որը 20 մլն դոլար ներդրում է պահանջում, հետաքրքրում է բազմաթիվ սիրիահայ ընտանիքների, սակայն անգամ նրանք չեն շտապում ներդրումներ անել:

«Նոր Հալեպում» ապրելու ցանկություն է հայտնել 660 մարդ, սակայն նրանցից ոչ մեկը ներդրում չի կատարել, ըստ «Այսօրի», լրագրողներին ասել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի» իրավաբան Նաիրա Եդիգարյանը: Նա նշել է, որ իրենց ապագա բնակարանների արժեքի 40-60 տոկոսի համար սիրիահայերը պատրաստ են վճարել, երբ սկսվի թաղամասի կառուցումը:

Ըստ Եդիգարյանի` ներդրումներ պատրաստ է անել «Նոր Հալեպ» բնակարան գնելու դիմում ներկայացրածների 70 տոկոսը. «Ամեն բան արվում է, որ բնակարանները վաճառվեն շուկայականից էժան գներով»:

Աշտարակում «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցման որոշում գործադիրն ընդունել էր 2013-ի հունիսի սկզբին` որպես ներդրում 4,8 հեկտար մակերեսով հողամաս հատկացնելով դրա համար: Սփյուռքի նախարարությունը, ի դեմս նախարար Հրանուշ Հակոբյանի, բազմիցս կոչ է արել թե հայկական հիմնադրամներին, թե միջազգային կառույցներին, թե աշխարհասփյուռ հայերին աջակցել թաղամասի կառուցմանը:

Ծրագրի իրականացումն արագացնելու համար հայաստանյան մի քանի բանկեր անգամ պատրաստ են «Նոր Հալեպ» թաղամասում բնակարան ձեռք բերելու համար սիրիահայերին հիփոթեքային վարկեր տրամադրել:

Այդուհանդերձ, դեռ անհրաժեշտ միջոցները չեն հավաքվել, 20 մլն դոլարից ընդամենը 120 հազարը, ու, ինչպես «Նոր Հալեպի» ծրագրի իրականացնող «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ից հայտնեցին PanARMENIAN.Net ին, դեռ հստակ չէ, թե երբ են սկսելու թաղամասի շինարարությունը: Կենտրոնի ներկայացուցիչը նշեց` «ոչ շուտ, քան 2014-ի ամռանը»:

Սիրիահայ Լիզա Պարտագճյանի ընտանիքը նույնպես ուզում է բնակարան գնել «Նոր Հալեպում», բայց ինչպես և բոլորը, չի շտապում ներդրումների հարցում: «Տղաս է այդ գործով զբաղվում, բայց պիդի սպասենք, տեսնենք` ինչ ընթացք կունենա, մենք էլ կորոշենք` ինչ անենք»,- PanARMENIAN.Net ին ասաց Պարտագճյանը` հավելելով, որ նախագիծը լավն է, բայց ուզում են իրենց աչքերով տեսնել, որ այն իրականանում է:

«Նոր Հալեպ» թաղամասի հատակագծի հեղինակներն են Ճարտարապետների համահայկական ընկերակցության համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյանները:

2013-ի դեկտեմբերի 11-ին ներկայացնելով իրենց աշխատանքը, ճարտարապետները նշել էին, որ 485 բնակարան նախատեսող թաղամասի հատակագծի ճարտարապետական լուծումներն արվել են արդիական և միջազգային չափանիշներին համապատասխան:

Թաղամասում, ըստ նախագծի, լինելու է սպասարկման առաջին ոլորտներից անհրաժեշտ ամեն ինչ՝ խանութներ, դեղատուն, սրճարան, ավտոկանգառներ, բազմաֆունկցիոնալ ակումբ անգամ լողավազան:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 2 տարի: Այդ ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 126 հազար մարդ զոհվել է, 2 մլն մարդ փախստական դարձել, ևս 4 մլն-ը՝ ներքին տեղահանված:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչև պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 11 հազար սիրիահայ հաստատվել է Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 67 հայ է զոհվել:

Photo: Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի արխիվ
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---