23 փետրվարի 2014 - 23:58 AMT
Փարիզում Նալբանդյանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շարունակել են քննարկել բանակցային գործընթացը

Փետրվարի 22-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպումից հետո ամերիկացի համանախագահը twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ գոհ է նախարար Նալբանդյանի հետ բանակցութունների շարունակությամբ.

«Պիտի աշխատենք խաղաղության հասնելու համար»,- նշել է Ջեյմս Ուորլիքը:

Փետրվարի 5-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Բաքվից ժամանել էին Երևան՝ հանդիպելու ՀՀ նախագահին, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներին: Մինչև այդ՝ փետրվարի 2-ին, ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները Բաքվում էին: Հաջորդ օրը նրանց էին միացել նաև Իգոր Պոպովն ու Անջեյ Կասպրշիկը: Միջնորդները հանդիպել էին Ադրբեջանի նախագահին ու ԱԳ նախարարին:

Բաքվում Կասպրշիկն անդրադարձել էր վերջերս հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը, որի արդյունքում կորուստներ էին եղել: Նա նշել էր, որ հրադադարի խախտումներն ու կորուստները հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում և սահմանին մտահոգություն են առաջացնում: Ըստ նրա, յուրաքանչյուր կորուստ ողբերգություն է, որը կարելի է կանխել՝ պահպանելով հրադադարի ռեժիմը: Կասպրշիկը նշել էր նաև, որ շփման գծում դիտարկման ժամանակ լարվածության աճի վկան է եղել:

Փետրվարի 6-ին համանախագահներին ու Կասպրշիկին Երևանում ԱԳՆ շենքի մուտքի մոտ բողոքի ակցիայով դիմավորել էին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական խորհրդի և երիտթևի անդամները:

Նրանք վանկարկում էին «Ո՛չ երկակի ստանդարտներին», «Դեմ ենք Մինսկի խմբի համանախագահների վարած քաղաքականությանը», երբ համանախագահները ժամանել էին ու ներս մտել՝ հրաժարվելով պատասխանել ինչ-որ հարցերի: Երիտասարդների խոսքով, նրանք եկել էին Մինսկի խմբի համանախագահներին հիշեցնելու իրենց առաքելության մասին՝ հավելելով, թե առաքելությունը նրանում է, որ նպաստեն խաղաղության պահպանմանը, բայց իրենց գործողություններով նրանք ուղղակիորեն նպաստում են պատերազմի վերսկսմանը:

Նախարարությունում համանախագահներն Էդվարդ Նալբանդյանին էին ներկայացրել Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: Նախարար Նալբանդյանը կարևորել էր ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների կանխարգելման անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանը լիովին կիսում է համանախագահների կարծիքը, որ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը խանգարում են բանակցային գործընթացին, նվազեցնում են խաղաղության հասնելու հնարավորությունները:

Հունվարի վերջին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում էր հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Արդեն հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

Ավելի ուշ հյուրերը հանդիպել էին նախագահ Սերժ Սարգսյանին, ում ներկայացրել էին Բաքվում իրենց ունեցած հանդիպումների տպավորություններն ու նախագահի հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետագա քայլերին վերաբերող հարցեր:

ՀՀ նախագահն ու համանախագահներն անդրադարձել էին նաև Հայաստանի հետ սահմանին և Ադրբեջանի ու Ղարաբաղի շփման գծում հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերին՝ նման միջադեպերը մտահոգիչ համարելով բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը քննարկել էին շփման գծում տիրող իրավիճակն ու դրա հետևանքները:

Անդրադառնալով հունվարին ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին` նախարար Օհանյանը նշել էր, որ դրանք հակասում են անցած տարվա նոյեմբերին և մինչև այդ հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին և կարևորել նման դեպքերի հասցեագրված գնահատումն ու համանախագահներին կոչ արել ակտիվացնել աշխատանքները և համապատասխան միջոցներ ու մասնագետներ ներգրավել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար:

Երևան այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաղորդագրություն էին տարածել, որտեղ վերահաստատել էին մտահոգությունը՝ կապված շփման գծում ու սահմանին ոչ վաղ անցյալում իրավիճակի սրացման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ արել սեփական գործողություններում ու հայտարարություններում:

Կողմերը հայտարարել էին, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի առաջիկա օլիմպիական խաղերի անցկացման ժամկետին:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն զինված հակամարտությունների մասնակիցներին կոչ էր արել խաղերի ընթացքում «օլիմպիական զինադադար» հայտարարել, անկախ երկրից:

Փետրվարի 13-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե անտեսելով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ կոչերը` մասնավորապես` Սոչիում ընթացող Ձմեռային օլիմպիադայի ընթացքում հայտարարված ավանդական զինադադարի պահպանումը, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են կրակել հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ հրամանատարությունը նրանց գործողությունները կամ չի վերահսկում, կամ էլ այդ ամենը սահմանագծում իրավաճակի ապակայունացմանն ուղղված սադրանք է:

Photo from James Warlick's twitter