Ուկրաինա. Ղրիմի հանրահավաքը, պատժիչ ջոկատները, անհետացած «բերկուտցիները», ՌԴ դրոշները Սևաստոպոլում

Ուկրաինա. Ղրիմի հանրահավաքը, պատժիչ ջոկատները, անհետացած «բերկուտցիները», ՌԴ դրոշները Սևաստոպոլում

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի մոտ մոտ հազար մարդ էր հավաքվել «Ելիր, Ղրիմ» կարգախոսով: Մարդիկ ինքնակազմակերպվել էին սոցցանցերի միջոցով և պահանջում են, որ պատգամավորները հանդիպեն իրենց:

Ժողովուրդը պահանջում է ընդլայնել Ղրիմի տնտեսական իրավունքները, ինքնավարության կարգավիճակի ինքնորոշման մասին հանրաքվե անցկացնել: Խոսքը նրա մասին է, որ պետք է որոշել՝ պատրա՞ստ են թերակղու բնակիչները միանալ Ռուսաստանին: Մարդիկ պահանջների մի ամբողջ ցուցակ են ներկայացնում: Խորհրդարանականները խոստացել են կեսօրից հետո հանդիպել ժողովրդին:

Մեկ օր առաջ հայտարարվել էր, որ փետրվարի 25-ին Ղրիմի պատգամավորները նստաշրջան կգումարեն, որտեղ իբր քննարկվելու է Ուկրաինայից Ղրիմի հնարավոր անջատման հարցը: Սակայն նստաշրջանը չկայացավ, հայտնում է Ուկրաինայում«Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, որ Ղրիմում արագացված կարգով ՌԴ անձնագրերի հանձնում է սկսվել, սակայն այդ լուրերը հերքվել էին: ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին ասել էր, որ ուկրաինական ԶԼՄ-ները «ցանկալին ներկայացրել են որպես իրականություն»: Սակայն չէր բացառել, որ դա այն հարցն է, որն արագ լուծում կպահանջի, քանի որ Ուկրաինայում վերջին օրերին իշխանափոխություն էր:

Մինչդեռ կոմիտեն զբաղվում է Ղրիմի ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցների մշակմամբ: Մի կողմից Ռուսաստանը մտադիր չէ լքել Ուկրաինայում իր եղբայրներին, իսկ խոսքը մեկ միլիոնի հասնող հայրենակիցների մասին է, մյուս կողմից, պատմության մեջ արդեն եղել է անձնագրերի հանձնման արագացված կարգի կիրառում՝ 2000 թվականին Վրաստանում: Այն ժամանակ անձնագրերը հանձնվում էին Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի բնակիչներին, իսկ հետո դա ռուսական զորքերի ներխուժման համար առիթ դարձավ: Այժմ Սլուցկին Ղրիմում է, հայտնում է «Բիզնես Ռեգարդը»:

Ըստ Գլավկոմ TV-ի, Ղրիմում Սլուցկին հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, միևնույն ժամանակ, եթե Ղրիմը ՌԴ-ին միանալու վերաբերյալ որոշում կայացնի, Ռուսաստանը պատրաստ է դիտարկել այն:

Մինչդեռ, այսօր՝ փետրվարի 25-ին, Ուկրաինայում մեկնարկել է նախագահի արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Ընտրությունները կկայանան մայիսի 25-ին, հայտնում է Lenta.ru-ն: Ըստ օրացուցային պլանի, սկսվել է թեկնածուների առաջադրումը, որը կտևի մինչև մարտի 30-ը: Թեկնածուների գրանցման վերջնաժամկետն ապրիլի 4-ն է: Նախագահի պաշտոնի հավակնորդները կարող են առաջադրվել ինքնուրույն, կամ որևէ կուսակցության կողմից: Թեկնածուի գրանցման համար հարկավոր է 2,5 մլն գրիվնա ընտրագրավ:

Մինչև մարտի 15-ը ԿԸՀ-ն նախագահության թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա պետք է 225 շրջանային ընտրական հանձնաժողով ձևավորի: Դրա անդամների առավելագույն քանակն օրենքով սահմանափակված չէ:

Նախագահական հավակնությունների մասին արդեն հայտարարել է Խարկովի շրջանի ղեկավար Միխայիլ Դոբկինը: Ընդդիմադիրների թևվից առաջադրվելու են Յուլիա Տիմոշենկոն ու Վիտալի Կլիչկոն: Պաշտոնական հայտարարություն նրանք դեռ չեն արել:

Ըստ nbnews.com.ua-ի, ուկրաինական Ռադան լիազորել է խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին ստորագրել 2014-ի փետրվարի 21-ից ընդունված օրենքները: «Այդ որոշումն անհրաժեշտ էր կայացնել, քանի որ մինչև ինձ լիազորեցին նախագահի պարտականությունները կատարել, մի քանի օրենք էր ընդունվել, որոնք պետք էր ստորագրել»,- ասել է Տուրչինովը:

Նա իր հերթին ժողովրդական պատգամավորներին հանձնարարել էփետրվարի 27-ին ձևավորվել Ուկրաինայի նախարարների կաբինետը: «Հինգշաբթի ազգային վստահության կոալիցիոն կառավարության կազմը պետք է քվեարկության դրվի: Խորհրդակցեք գիշերը, երեկոյան, սակայն հինգշաբթի կառավարության կազմը պետք է քվեարկվի»,- ասել է նա:

Իսկ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովին քրեական հետապնդում է սպառնում: Ինչպես հայտնում է iteranet.ru-ն, Կիևի շրջանային դատարանում ավարտվել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստման ընթացքը կասեցնելու մասին որոշումն ապօրինի հայտարարելու վերաբերյալ դատական գործընթացը:

Ակնկալվում է, որ որոշումը կկայացվի մինչև շաբաթվա վերջ: «Հաշվի առնելով փաստը, որ երկրի եվրաինտեգրումը կասեցվել է առանց Յանուկովիչի կարգադրության, պատասխանատու կարող են ճանաչվել Նիկոլայ Ազարովի գլխավորած կառավարության անդամները: Հրաժարվելով ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը՝ նախկին վարչապետը գերազանցել է իր լիազորությունները, ուստի, եթե դատարանը բավարարի եվրաինտեգրման կասեցման մասին որոշման անիրավաչափության մասին հայցը, Ազարովին քրեական հետապնդում է սպառնում»,- գրում է կայքը:

Մինչդեռ, ինչպես հայտնում է uralpress.ru-ն, ուկրաինական քաղաքների փողոցներում եվրամայդանի զինյալների մասնակցությամբ պատժիչ խմբեր են հայտնվել, որոնք բախվում են «Բերկուտի» հետ ու ահաբեկում խաղաղ բնակիչներին: Լվովում մայդանցիներն արդեն իսկ ստիպել են «Բերկուտի» մոտ 100 անդամի ծնկաչոք ներողություն խնդրել քաղաքից Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտ:

Ուկրաինայի ռուսալեզու բնակչության հանդեպ ճնշում է գործադրվում, չեղյալ է հայտարարվում տարածաշրջանային լեզուների մասին օրենքը, հաճախակի են դարձել ծայրահեղական տրամադրված գրոհայինների սպառնալիքները: Նրանք նույնիսկ խոստացել են «բարեկամության գնացք» ուղարկել Ղրիմ, «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած փորձ դաժանորեն պատժելու համար»:

Ըստ ԶԼՄ-ների, Ուկրաինայի հարավ-արևելքի ռուսամետ քաղաքների՝ Սևաստոպոլի, Սիմֆերոպոլի, Խարկովի և Օդեսայի բնակչությունը զանգվածաբար զենք, պաշտպանության միջոցներ ու զինամթերքէ գնում հատուկ խանութներից: Սևաստոպոլում կայանած ՌԴ Սևծովյան նավատորմը ոչ պաշտոնապես բերված է բարձր մարտական պատրաստունակության: Ռուսաստանցի նավաստիների դեմ ցանկացած չարտոնված գործողություն որպես ինքնիշխան պետության վրա հարձակում կդիտարկվի:

Ինչպես հայտնում է fakty.ua-ն, իշխանափոխությունից հետո «Բերկուտի» մոտ 30 մարտիկ Կիևում չեն ներկայացել մշտական տեղակայման վայրեր, հայտնել է ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը: Ըստ նրա, փախուստի պատճառը սկսված քննությունն է և հանցավոր հրամաններ տվողների որոնումը:

«Այսօրվա ստուգումը ցույց է տվել, որ 35 մարդ չի վերադարձել զորամաս: Սա խնդիր է, որը պետք է այսօր-վաղը լուծենք»,- ասել է նա՝ հրաժարվելով պատասխանել հարցին, թե ուր են նրանք անհետացել և հայտարարել, որ «Բերկուտի» ստորաբաժանումներում որոշակի բարդություններ են առաջացել այդ ուժային կառույցների ղեկավարների փախուստից հետո:

Իսկ Պետդումայում «Արդար Ռուսաստան» խմբակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովն առաջարկել է ռուսական ոստիկանության շարքերն ընդունել «Բերկուտի» մարտիկներին, որոնք մասնակցել են Կիևում անկարգությունների ճնշմանը:

Ելույթ ունենալով Պետդումայում՝ Միրոնովը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում դիմել երկրի ղեկավարությանը, որպեսզի բոլոր ցանկացողներին «Բերկուտից» աշխատանք տրվի Ռուսաստանի ՆԳՆ շարքերում, իսկ հետո սահմանված կարգով նրանց ՌԴ քաղաքացիություն շնորհել:

«Որովհետև կսկսվեն հետապնդումներ, կսկսեն փնտրել նրանց ընտանիքների անդամներին, տղաներին կսպանեն: Կադրեր ենք տեսել, թե ինչպես են այդ ֆաշիստները, որոնք այսօր իշխանության են ձգտում, ծեծում տղաներին: Նրանք զգացել են արյան «համը» և կանգ չեն առնի, պետք է հասկանալ, որ դա է լինելու»,- հիմնավորել է իր առաջարկը պատգամավորը:

Սերգեյ Միրոնովը նաև պնդել է, որ Ուկրաինայում բնակվող ռուսներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրվի: Նա հիշեցրել է, որ Ուկրաինայում պաշտոնապես 7 մլն ռուս է ապրում:

«Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի դեպքում չպետք է մոռանա, որ պատասխանատու ենք մեր քաղաքացիների համար, չենք կարող թույլ տալ, որպեսզի ինչ-որ մեկը պղծի մեր սրբությունները, առավել ևս՝ սպառնա ՌԴ և ուղղակի ռուս մարդկանց կյանքին»,- ասել է Միրոնովը, հայտնում է Պոլիտ.ռու-ն:

Ինչպես գրում է «Սևաստոպոլի նորությունները», Սևաստոպոլում մինչև կիևյան իրադարձություններն արդեն բազում եռագույն ՌԴ դրոշներ կային: Դրանք փողփողում էին Մոսկվայի տան, Սևծովյան նավատորմի կենտրոնակայանի և այլ շենքերի վրա: Երեկ քաղխորհրդի շենքի վրա հավաքվածները Ռուսաստանի երկու դրոշ են փակցրել: Առավոտյան ժամը 09։00-ին դրանք արդեն չկային: Քաղաքով շրջելիս, կարելի է նկատել, որ բնակիչները նույնիսկ իրենց պատուհաններից են կախում Ռուսաստանի դրոշը, գրում է կայքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---