Խմելու ջուրը կարող է թանկանալ 7,5 դրամով. Պատճառը գնաճն է

Խմելու ջուրը կարող է թանկանալ 7,5 դրամով. Պատճառը գնաճն է

PanARMENIAN.Net - «Երևան Ջուր» ընկերությունը մտադիր է ջրի վարձը մեկ խորանարդ մետրի համար թանկացնել 7,5 դրամով` այն դարձնելով 177,7 դրամ` տեղեկացնում են ընկերության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Եթե Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը հաստատի ընկերության առաջարկը մեկ բաժանորդի/ընտանիքի հաշվով ջրի վարձը կավելանա ամսական 75-90 դրամով: Հիմա խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների սակագինը 170,2 դրամ է, որն 2013-ի հուլիսից էժանացել էր 3,8 դրամով:

Ջրի սակագնի աճը, ըստ ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Մուրադ Սարգսյանի, պայմանավորված է նախորդ տարի Հայաստանում արձանագրված 5,8 տոկոսանոց գնաճով՝ 2012-ի՝ 2,6 տոկոսի համեմատ ու «ըստ էության, իրենց լրացուցիչ ոչինչ չի տալիս, քանի որ միայն կոչված է փոխհատուցելու այն վնասները, որ կրում են սղաճի պատճառով»:

«Ընդ որում, մասնավորապես մանրածախ ծառայությունների սակագինը բարձրացել է 8,8 դրամով, սակայն քանի որ ընկերության կողմից ջրի վաճառքի կանոնավորման ու ապօրինությունների դեմ պայքարի շնորհիվ այդ նույն ժամանակ հաջողվել է ջրի վաճառքի ծավալն ավելացնել մոտ 1,2 մլն խորանադ մետրով, ինչը զսպիչ գործոն է, հնարավոր է դարձել սակագնի աճը նվազեցնել 1,3 դրամով,- PanARMENIAN.Net ին ասաց Սարգսյանը: - Արդյունքում գրանցվել է 7,5 դրամ խորանարդ մետրի համար»:

Ըստ ընկերության վարձակալության պայմանագրի` ամեն տարի փետրվարի վերջին «Երևան Ջուրը» պիտի ՀԾԿՀ ներկայացնի մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագների ճշգրտված հաշվարկները՝ հաջորդ պայմանագրային տարվա համար:

«Վերջին 3 տարիներին ընկերությանը հաջողվել է աշխատանքի արդյունավետության բարձրացման շնորհիվ շարունակաբար նվազեցնել սակագները՝ 195-ից մինչև 170,2 դրամի խորանադ մետրի համար»,- ասաց Սարգսյանը:

Մանրածախ սակագինը բարձրացնելու որոշումն ընդունվել է ոչ միայն 2013-ին Հայաստանում պաշտոնապես գրանցված գնաճը հաշվի առնելով, այլև եվրո-դրամ հարաբերակցությունը, էլեկտրաէներգիայի սակագինն ու սպառված ջրի ծավալը:

Ընկերության հաշվարկների համաձայն` 1,1 դրամով ավելանալու է նաև մեծածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը՝ դառնալով մոտ 18 դրամ մեկ խորանարդ մետրի համար:

Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագները վերջնականապես կսահմանվեն ՀԾԿՀ որոշմամբ, հաշվարկների 3-ամսյա ուսումնասիրությունից հետո: Իսկ նոր սակագներն ուժի մեջ կմտնեն նշված որոշումից 1 ամիս հետո` հավանաբար, 2014-ի հուլիսից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---