ՌԴ-ն կարող է պարզեցնել քաղաքացիություն ստանալու կարգն ԱՊՀ երկրների քաղաքացիների համար

ՌԴ-ն կարող է պարզեցնել քաղաքացիություն ստանալու կարգն ԱՊՀ երկրների քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է պարզեցնել քաղաքացիություն ստանալու կարգն ԱՊՀ երկրների քաղաքացիների համար: Օրինագիծը պատրաստվում է, դրա վրա աշխատում են ոչ միայն Պետդումայի պատգամավորներն, այլև նախագահի աշխատակազմի ու կառավարության անդամները, լրագրողներին հայտնել է ստորին պալատի առաջին փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովը:

«Այդ հարցը մշակվում է, իրոք, այն քննարկվում է և նախագահի աշխատակազմում, և կառավարությունում»,- ասել է Ժուկովը՝ հավելելով, որՊետդումայում այդ թեմայով ներկայացված օրինագծերը «բավականաչափ լավ ու խորը մշակված չեն»:

Ավելի վաղ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Իլյա Դրոզդովը օրինագիծ էր ներկայացրել Պետդումա, համաձայն որի Ուկրաինայի ռուս քաղաքացիներն իրավունք ունեն պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ:

Կոմկուսի խմբակցության անդամն օրինագիծ է ներկայացրել ԽՍՀՄ նախկին երկրներում բնակվող ռուսալեզու քաղաքացիների համար ՌԴ քաղաքացիության տրամադրման ժամկետը կրճատելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Օրերս Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է մեղմացնել միգրացիոն քաղաքականությունը ՀՀ քաղաքացիների համար: «Այս պահի դրությամբ կողմերը պայմանավորվածության են հասել միջգերատեսչական աշխատանքային խմբեր ստեղծելու մասին, այդ խնդրին սեղմ ժամկետում լուծում տալու համար»,- ասել էր Բաղդասարյանը Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի նիստի ավարտին:

Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ էին մտել միգրանտների մասին օրենքի ուղղումները: Համաձայն դրանց, մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կկարողանան ՌԴ տարածքում մնալ 90 օրից ոչ ավելի: Ընդ որում, նրանք կարող են կրկին երկիր այցելել 180 օրից: Մինչ այս օտարերկրյա քաղաքացիներն 90 օր անցկացնելով Ռուսաստանում, կարող էին մեկնել հայրենիք, և մի քանի օրից կրկին մուտք գործել ՌԴ: Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ այս քայլը թույլ կտա կրճատել ապօրինի միգրանտների հոսքը երկիր, որոնց քանակն արդեն հասնում է 3,5 մլն:

Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակ էր հղել իր ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևին, որտեղ հույս էր հայտնում, թե Ռուսաստանը կվերանայի Հայաստանի համար վիզային ռեժիմը: Այսօրվա դրությամբ Երևանը ոչ մի արգելք չի սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար:

Նա հայտնել էր նաև, որ աշխատանքային խմբերի առաջին հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին: Հայաստանն ու Ռուսաստանը վերանայում են առանց մուտքի արտոնագրերի մասին 2000 թվականի երկկողմ համաձայնագիրը։ Ինչպես գրում է ռուսական REX գործակալությունը,

Համաձայնագրում փոփոխությունները ենթադրում են, որ մուտք գործելուց 5 ամիս անց լքելով Ռուսաստանը, վերադառնալ կթույլատրվի արդեն մեկ ամսից։ Այդ փոփոխությունները կատարելու մասին արձանագրությունն այժմ հաստատվում է ՀՀ ու ՌԴ համապատասխան մարմիններում։

Օրերս ՌԴ կառավարությունն առաջարկում է խստացնել պահանջներն այն գործատուների հանդեպ, որոնք աշխատանքի են ընդունում աշխատանքային ներգաղթյալների: Ըստ մշակված օրինագծի, «գործատուն ու աշխատանքների պատվիրատուն ապահովում են օտարերկրյա քաղաքացու նյութական, բժշկական ու բնակարանային ապահովման երաշխիքների իրականացման համար անհրաժեշտ միջոցները: Դա վերաբերում է առանց մուտքի արտոնագրի ՌԴ ժամանած աշխատանքային միգրանտին»: Կառավարությունը նաև առաջարկում է «մուտքի արտոնագիր չպահանջող կարգով ՌԴ ժամանած օտարերկրյա քաղաքացու պարտավորությունների ցանկ սահմանել, որը կտրվի աշխատանքի թույլտվության կամ աշխատանքային թույլտվության երկարացման փաստաթղթի հետ միասին»,-ասվում է փաստաթղթում, որը հրապարակված է ՌԴ կառավարության կայքում: Նշվում է, որ այդ պահանջը իրավաչափ է միայն այն աշխատանքի թույլտվության ու թույլտվության երկարացման համար, որը պահանջում է մասնագիտության առկայություն, հատուկ գիտելիքներ կամ հատուկ նախապատրաստում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ՌԴ Պետդումա է ներկայացվել նաև օրինագիծ, որի համաձայն միգրանտներին չի տրվի աշխատանքի թույլտվություն, եթե նրանք չնշեն, որ հենց աշխատանքային գործունեությունն է ՌԴ այցելության պատճառը: Նախաձեռնության հեղինակը Դումայի Անվտանգության ու հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Իրինա Յարովայան է «Միասնական Ռուսաստանից»: Մասնավորապես, առաջարկվում է օրենքում արձանագրել, որ աշխատանքի թույլտվություն ստանալու համար ներգաղթյալը պետք է նաև միգրացիոն քարտ ներկայացնի, որտեղ որպես այցի նպատակ նշված է աշխատանքը:

Ավելի վաղ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն ու էկոնոմիկայի նախարարությունն օրինագիծ էին մշակել, որով առաջարկվում է Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել այն օտարերկրացիներին, որոնք մինչև 10 մլն ռուբլի են ներդրել ՌԴ էկոնոմիկայի մեջ, ինչպես նաև ՌԴ քոլեջներն ու բուհերն ավարտած օտարերկրացի շրջանավարտներին, որոնք առնվազն 3 տարի աշխատել են Ռուսաստանում։ Այժմ պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու համար հիմնականում կարող են դիմել կամ այն օտարերկրացիները, որոնց ամուսինը ՌԴ քաղաքացի է, կամ նրանք, ովքեր ծնվել են նախկին ԽՍՀՄ տարածքում ու քաղաքացիություն չունեցող անձինք են: ՌԴ քաղաքացիության համար, օրինակ, կարող են հավակնել այն գործարարները, որոնք առնվազն 3 տարի աշխատել են ՌԴ-ում, եթե նրանց ամսական հասույթը 10 մլն ռուբլուց պակաս չի եղել:

Բացի այդ, քաղաքացիություն կկարողանան ստանալ այն ներդրողները, որոնց բաժնեմասը ՌԴ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս է: Ընդ որում կանոնադրական կապիտալը պետք է կազմի առնվազն 100 մլն ռուբլի:

Մեկ այլ նորամուծությունը վերաբերում է օտարերկրացի ուսանողներին, որոնք 2002-ի հուլիսի 1-ից մասնագիտական կրթություն են ստացել և քաղաքացիության համար դիմելու պահին արդեն առնվազն 3 տարի աշխատել են ՌԴ-ում:

2013-ին Հայաստանի 670 հազար քաղաքացի էր մտել Ռուսաստան: Դա 20%-ով ավելի էր 2012-ի ցուցանիշից՝ 540 հազարից: Ըստ նախորդ տարվա տվյալների, ՌԴ-ում պաշտոնապես աշխատել է մոտ 130 հազար Հայաստանի քաղաքացի, ինչը 4%-ով ավելի է 2012-ի թվերից: Նույն ժամանակահատվածում ՌԴ-ում աշխատելու համար հայաստանցիները 37,2 հազար աշխատանքի թույլտվություն ու 92,5 հազար պատենտ են ձևակերպել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---