Բաքուն կրկին փորձում է իր զինվորի հերթական մահը բարդել հայկական կողմի վրա

Բաքուն կրկին փորձում է իր զինվորի հերթական մահը բարդել հայկական կողմի վրա

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները»,- հայտարարել է ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը, հայտնում է Panorama.am-ը:

Ադրբեջանական մամուլում նախօրեին լուրեր էին տարածել այն մասին, որ առաջնագծում հայկական կողմից «հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացել է ադրբեջանցի զինծառայող» Նոխբալաև Քերեմ Շահին օղլուն: Ընդ որում Ադրբեջանի ՊՆ-ն հետմահու պարգևատրել է նրան «Գերազանց ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով, թեև չի պարզաբանվում, թե կոնկրետ ինչի համար է այն տրվել:

Մինչդեռ, ինչպես հայտնում է Aysor.am-ը, Սենոր Հասրաթյանը հայտնել է նաև, որ Ադրբեջանի կողմից, հրադադարի ռեժիմի խախտումները ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում պարբերական բնույթ են կրում ու վերջին 1-2 շաբաթվա ընթացքում էական փոփոխություններ չեն կրել:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից, հրադադրի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը կտրուկ նվազել են:

Ս. Հասրաթյանը նշեց, որ եթե համեմատենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հունվարի երրորդ տասնօրյակի հետ, երբ հակառակորդը կտրուկ ակտիվացել էր, ապա այսօր այդ լարվածությունը նվազել է:

«Սակայն այսօր դժվար է խոսել լարվածության կամ հրադադրի ռեժիմի կանոնների խախտտումների կտրուկ նվազեցման մասին»,- հավելեց նա:

Փետրվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Հունվարի երկրորդ կեսից թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

Փետրվարի 6-ին Երևան այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաղորդագրություն էին տարածել, որտեղ վերահաստատել էին մտահոգությունը՝ կապված շփման գծում ու սահմանին ոչ վաղ անցյալում իրավիճակի սրացման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ արել սեփական գործողություններում ու հայտարարություններում:

Կողմերը հայտարարել էին, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի առաջիկա օլիմպիական խաղերի անցկացման ժամկետին: Սակայն ադրբեջանական ստորաբաժանումներն, անտեսելով կոչերն ու պայմանավորվածությունները, շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---