Հղիները կարող են շարունակել բուժվել անվճար. ԱՆ-ն հանձնվել է

Հղիները կարող են շարունակել բուժվել անվճար. ԱՆ-ն հանձնվել է

PanARMENIAN.Net - Պոլիկլինիկական ծառայությունների ու հղիների պաթոլոգիկ բուժման համար վճարների սահմանման ԱՆ հրամանի դեմ փետրվարի 28-ին նախարարության առջև բողոքողներին հայտնել են, որ հղիության ախտաբանության (պաթոլոգիա) համավճար չի կիրառվի, իսկ ամբուլատոր որոշ ծառայությունների վճարների կիրառումը կսկսվի հուլիսի 1-ից:

«Ասացին` հետաձգել են, որ մեխանիզմներ մշակեն, հետո նորից առաջարկեն: Հետո ասացին, որ սա ձև է պայքարելու ստվերի դեմ, որ մարդիկ էսպես թե էնպես էդ վճարումներն անում են»,- PanARMENIAN.Net ին ասաց ցույցին հաջորդած փոխնախարար Վահան Պողոսյանի հետ հանդիպմանը ներկա ակտիվիստ Նվարդ Մարգարյանը:

«Ձեռքերդ հեռու պահիր հղիների գրպաններից» քաղաքացիական նախաձեռնությունը, որ ձևավորվել էր փետրվարի 26-ին` ԶԼՄ-ներում ծառայությունների վճարովի դառնալու նորության հրապարակումից հետո, մեկ օրում կարողացել էր հասնել նրան, որ նախարարությունը փետրվարի 27-ի երեկոյան արդեն հրաժարվել էր իր ծրագրերից:

Առողջապահության նախարարի հրամանը, մասնավորապես, վերաբերում է պոլիկլինիկական լաբորատոր կամ գործիքային հետազոտություններին, որոնց համար քաղաքացիները մարտի 1-ից պիտի 500-1000 դրամ վճարեն: Ըստ նույն փաստաթղթի` հղիության ընթացքում առողջական խնդիրների պատճառով ստացիոնար բուժում ստանալու համար կանայք պիտի օրական 5000 դրամ վճարեին:

Նախարարի հրամանը հակաժողովրդական կոչելով` նախաձեռնության անդամներն անհանգստություն էին հայտնել, որ այն վտանգում է Հայաստանի բնակչության ապագան:

«Որպես հետևանք՝ ընտանիքի պլանավորման և ծնելիության դրդապատճառայնությունը կարող է նվազել, ինչպես նաև այն անվտանգ հղիության խոչընդոտ է: Այս ամենը պայմանավորված է ներկայիս ծանր տնտեսական պայմաններով: Երկիրը, որտեղ այսքան մեծ է գործազրկության մակարդակը և աղքատությունը, չի կարող նման որոշումներ ընդունել»,- հայտարարել էին նրանք:

Նախաձեռնության ներկայացուցիչ Էլվիրա Մելիքսեթյանը, ներկայացնելով նախարարությունում հանդիպման մանրամասները, նշել է, որ ԱՆ-ն պատրաստակամություն է հայտնել հանրային քննարկումներ կամզակերպել խնդրի վերաբերյալ:

«Արտահայտեցինք մեր թերահավատությունը նրանց կայացրած որոշումների հանդեպ, բողոքեցինք դրանց ոչ թափանցիկ լինելու համար, հանրությանը չտեղեկացնելու, կամ միայն համացանցում ինչ-որ բան տեղադրելոու համար, այնինչ հասարակությունն առհասարակ տեղեկացված չէ, թե ինչ է կատարվում դաշտում»,- հավելել է Մելիքսեթյանը:

Հանդիպման ժամանակ նախաձեռնության անդամներն, ըստ ակտիվիստի, խոսել են նաև Հայաստանում ծնելիության խնդրի մասին` կարևորելով ԱՆ-ի դերը, որը սակայն, դրա աճին նպաստելու փոխարեն հակառակն է ուզում անել արդեն չեղյալ հայտարարված հրամանի նման որոշումներով:

«2012-ին գանձված գումարի համար ասեցին` պիլոտաժային ծրագիր է եղել ու դրա պատճառով գումարները գանձնվել են: Սակայն ասացին, որ յուրաքանչյուր բուժ հիմնարկ, որտեղ այդ վճարումն իրականացվել է, պետք է զգուշացներ ծառայությունների վճարովի լինելու մասին ու մարդ կարող է չհամաձայնվել, ու ուղորդվել այլ՝ անվճար բուժհիմնարկ բժշկի ցուցմունքով»,- պատմել է Մելիքսեթյանը:

Վճարների սահմանման մասին տեղեկատվության տարածումից հետո նախաձեռնությունը հայտարարել էր, որ որոշ բուժհաստատություններ արդեն իսկ հղիներից որոշ գումարներ են գանձում, ինչը, փաստորեն, ԱՆ ներկայացուցիչները չեն հերքել:

«Ասեցինք, որ հիմնվելով 5000-ական դրամներ վճարած կանանց ցուցմունքների վրա՝ կարող ենք ասել, որ նման ուղորդում չի եղել»,- հավելել է Մելիքսեթյանը:

Մինչև հուլիսի 1-ը հետաձգված պոլիկլինիկական ծառայությունների վճարների առնչությամբ ԱՆ փոխնախարարը դեռ փետրվարի 27-ին հայտնել է, որ դրանք բուժօգնությունը որկայալ դարձնելու համար են, ինչպես նաև ստվերայնության դեմ պայքարի ձև:

«Ոչ թե նպատակ ունենք գումարներ հավաքելու, այլ փորձում ենք ստվերի դեմ պայքարել: Չենք կարծում, որ սրա ներդրումով կտուժի բնակչության առողջությունը: Այդ ստվերայնության պայքարի արդյունքում ենք ունենալու որակյալ բուժօգնություն»,- ըստ Panorama.am-ի, ասել է Պողոսյանը:

Փոխնախարարը նշել է, որ վճարները դառնում են օրինական. «Եթե նախկինում կար ստվեր ու ոչ պաշտոնապես էին մարդիկ վճարում այդ ծառայությունների դիմաց, հիմա սիմվոլիկ վճարներ են լինելու, որոնցից առաջացած գումարներն էլ ճիշտ կկառավարվեն, կուղղվեն աշխատավարձին, զարգացմանը: Հիմա այդ գումարները չեն կառավարվում և մնում են համակարգից դուրս: Մարդն էլի գալիս է, բուժհիմնարկում վճարում, բայց ո՞ւմ: Նա միմիայն բուժհիմնարկի դրամարկղում է վճարում կատարելու, ոչ թե բուժաշխատողին»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---