Հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում․ Ամերիայի հերթական հետազոտությունը

Հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում․ Ամերիայի հերթական հետազոտությունը

PanARMENIAN.Net - «Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտին: Այն ներառում է մալուխային հեռուստատեսային, բջջային հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության, լարային հեռախոսակապի ծառայությունների շուկաները, ինչպես նաև Երևանում հեռահաղորդակցության ոլորտի փոխլրացնող սարքավորումների (բջջային հեռախոսներ, դյուրակիր համակարգիչներ, պլանշետներ, հեռուստացույցներ և այլն) օգտագործումը:

Հետազոտության արդյունքները թույլ են տալիս գնահատել ոլորտի ներկա իրավիճակը, վերջին տարիների զարգացումները, վերլուծել հիմնական մասնակիցների գործունեությունը և կանխատեսել ոլորտի զարգացման միտումները:

Ինչպես վկայում է ուսումնասիրությունը, ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի վրա բավականին սահմանափակ է եղել: 2013-ին ՀՀ ոլորտի հասույթն ընթացիկ գներով (առանց ԱԱՀ) գերազանցել է 2008-ի ցուցանիշը 7%-ով, ընդ որում 2013-ին ոլորտի ամբողջ հասույթի գերակշռող մասը` 64%-ը, ապահովել է բջջային հեռախոսակապը, 17%-ը`ինտերնետ հասանելիությունը, 13%-ը`լարային հեռախոսակապը:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի մալուխային հեռուստատեսային ծառայությունների շուկան հեռահաղորդակցության ոլորտի ամենաարագ աճող շուկաներից է, և 2008-2013թթ.-ին այս շուկայի հասույթն աճել է ավելի քան 4 անգամ:

Համաձայն հետազոտության արդյունքների` լարային հեռախոսակապը Երևանում դեռևս չի կորցրել արդիականությունը, 15-69 տարեկան բնակչության 68.7%-ն ամեն օր օգտվում է լարային հեռախոսակապից, թեև 98.4%-ն օգտվում է նաև բջջային հեռախոսակապի ծառայություններից:

Երևանում տնային տնտեսությունների բաշխումն ըստ համակարգչային տեխնիկա ունենալու հատկանիշի ուսումնասիրելիս, Ամերիայի փորձագետները բացահայտել են, որ Երևանի տնային տնտեսությունների մոտ 55%-ն ունի միայն մեկ համակարգչային տեխնիկա, իսկ համակարգիչ, դյուրակիր համակարգիչ և պլանշետ միաժամանակ ունի Երևանի տնային տնտեսությունների միայն 8.5%-ը:

Արդյունքները վկայում են, որ հեռահաղորդակցության ոլորտում զարգացման ամենամեծ պոտենցիալ ունեցող շուկաներն են մալուխային հեռուստատեսային ծառայությունների և ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկաները: Ամերիայի փորձագետների կանխատեսմամբ հեռահաղորդակցության ոլորտի ավանդական ծառայությունները (լարային և բջջային հեռախոսակապ) առաջիկա տարիներին իրենց տեղը որոշակիորեն զիջելու են ինտերնետ հասանելիության ծառայություններին:

Հետազոտության արդյունքներն առավել մանրամասնությամբ կներկայացվեն մարտի 4-ին նախատեսվող շնորհանդեսի ժամանակ, որին կմասնակցեն ոլորտի շահագրգիռ կողմերը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու ոչ միայն: Հետազոտության ամբողջական տարբերակին կարելի է ծանոթանալ նաև այն պատվիրելով ընկերության կայքի միջոցով կամ զանգահարելով 56 11 11 հեռախոսահամարով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---