4 մարտի 2014 - 18:35 AMT
Ռուբլու արժեզրկումն ու ռուսական ընկերությունների բաժնետոմսերի անկումը ազդելու է նաև Հայաստանի վրա

Միջազգային գերտերությունների մի քանի օրերի լարվածությունը` պայմանավորված Ռուսաստանի` Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու սպասումներով, ցնցել է թե ՌԴ-ի, թե աշխարհի տնտեսությունը․ դրա հետևանքները, սակայն, զգալու են նաև երրորդ՝ ավելի փորք երկրները, ինչպես օրինակ, Հայաստանն է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին ասուլիսին հայտարարել է, որ այս պահին կարիք չկա զորքեր մտցնել Ղրիմ, ինչն էլ որոշ չափով հանգստացրել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

Սպասումները, սակայն, թանկ են արժեցել Ռուսաստանի տնտեսությանը, որի ազգային արժույթը` ռուբլին, զգալիորեն ընկել է, իսկ խոշոր ընկերությունների մեծ մասի արժեթղթերը` արժեզրկվել:

Մոսկվայի միջբանկային արժութային շուկայում կապիտալիզացինան մարտի 3-ին նվազել է ավելի քան 61 մլրդ դոլարով (10 տոկոսից ավելի), հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Թե այստեղ, թե նաև միջազգային ֆոնդային բորսաներում անկում են ապրել Հայաստանում գործունեություն ծավալոզ կամ ներդրումային ծրագրեր իրականացնող խոշոր ընկերությունների բաժնետոմսերը` «Գազպրոմ», «Ռոսնեֆտ», «ԻնտերՌԱՕ», «ՎՏԲ բանկ» և այլն:

«Միայն «Ռոսնեֆտ»-ի կորուստը գնահատվում է 1 մլրդ դոլար, իսկ այդ ընկերությունը «Նաիրիտի» համար պատրաստվում էր 500 մլն դոլար ներդրում անել,- վերլուծության մեջ նշում է տնտեսագետ Սամվել Ավագյանը: - Եթե բաժնետոմսերի անկումը շարունակական լինի, ու ռուսական խոշոր ընկերությունները չվերականգնեն կապիտալիզացիան, ապա նրանց ներդրումային ծրագրերը կկրճատվեն, այդ թվում՝ Հայաստանում»:

Ավագյանը, այնուամենայնիվ լավատեսական է համարում հանգամանքը, որ մարտի 4-ին ռուսական ֆոնդային բորսաները բացվել են աճով, գրում է «Հետք»-ը. «Ժամը 12:00-ի դրությամբ Մոսկվայի բորսայում ցուցիչն աճել է 3,2 տոկոսով, իսկ Ռուսաստանյան ապրանքային համակարգում՝ 3,68 տոկոսով: Սակայն, հիշեցնենք՝ մարտի 3-ի անկումը 20 տոկոս էր»: Համաշխարհային բանկի` հունվարին հրապարակված կանխատեսումների համաձայն` Ռուսաստանում տնտեսական աճի նվազման կանխատեսվածից ավելի կտրուկ լինելը կարող է խաթարել Հայաստանի տնտեսությունը, որը մեծապես կախված է ՌԴ-ից` ներմուծման պահանջարկի, տրանսֆերտների ու օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով: Այդ երկրներից են նաև, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

Հիմա, երբ Պուտինը հրապարակավ հայտարարել է, որ իր երկիրը մտադրություն չունի հարձակվել Ուկրաինայի վրա, Արևմուտքի պատժամիջոցները, ըստ ամենայնի, ի գործ չեն դրվի Խորհրդային կայսրության իրավահաջորդ գերտերության դեմ: Հակառակ դեպքում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նաև զգալի կորուստների կբերեին Արևմուտքում, ու Հայաստանն այլևս «չէր խուսափի տնտեսական լուրջ ցնցումներից»:

Մարտի 3-ին ԱՄՆ-ն սառեցրել էր ՌԴ հետ առևտրի և ներդրումների շուրջ բոլոր բանակցությունները մինչև Ուկրաինայում դիմակայության հանգուցալուծումը` ԱՄՆ Առևտրի վարչության ներկայացուցչի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն:

Ավելի վաղ Ուկրաինայում իրավիճակի պատճառով ԱՄՆ-ն խզել էր նաև ռազմական շփումները Ռուսաստանի հետ: Ժամանակավորապես դադարեցվել են բոլոր համատեղ զորավարժությունները, բանակցությունները, այցերն ու խորհրդաժողովները, ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ, գրում է ВВС-ն:

Ասուլիսին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «փոխադարձ վնաս» կհասցնեն: Մինչև պատժամիջոցներ կիրառողների համար հնարավոր վնասը չէր կանխատեսվում, Bank of America Merrill Lynch-ի գնահատականներով` Ուկրաինայի դեմ պատերազմը Ռուսաստանին ՀՆԱ-ի 3 տոկոսը կարժենա` հաղորդում է CNN Money-ն:

Խոշոր ընկերությունների ներդրումների հավանականությունը նվազեցնելուց բացի` Հայաստանի տնտեսության վրա կազդի նաև ռուսական ռուբլու հետագա արժեզրկումը, որը սկսվել էր հունվարից, սակայն զգալի իջել է նաև անցած մի քանի օրվա ընթացքում: Ռուսաստանի Կենտրոնական բանկը մարտի 3-ին անգամ 10 մլրդ դոլարի գործարքներ է արել` ռուբլին փրկելու համար:

Հունվարի համեմատ ռուբլին արժեզրկվել է մոտ 20 տոկոսով, սակայն արդեն Պուտինի ասուլիսի ընթացքում ավելի քանի 1 տոկոսով վերականգնվել է: Ըստ Սամվել Ավագյանի` «Ռուբլու արժեզրկումը ներկա պահին ավելի անհանգստացնող է Հայաստանի համար, քան բորսայական ցուցիչների անկումը»:

«Ռուբլու արժեզրկումը ուղղակիորեն խփում է հայկական ապրանքների մրցունակությանը ռուսական շուկայում, քանի որ դրամը համեմատաբար կայուն վարքագիծ ունի` եթե դրամը կայուն է, իսկ ռուբլին արժեզրկվում է, ապա հայկական ապրանքները կթանկանան ռուբլով արտահայտված: Քանի որ Հայաստանում մեծ հույսեր են փայփայում ռուսական շուկայում արտահանումներն ավելացնելու ուղղությամբ, սա, կարծում ենք, պետք է մտահոգի»,- նշում է նա:

Ավագյանի կանխատեսմամբ` ռուբլու արժեզրկումն ավելի երկարատև բնույթ է կրելու. «Այդ պատճառով սա ավելի ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Կտուժեն նաև արտագնա աշխատանքի մեկնողները՝ նրանց դոլարային եկամուտները կնվազեն, ինչը կանդրադառնա Հայաստան առաքվող տրանսֆերտների մակարդակի վրա: Ամենայն հավանականությամբ, հենց առաջիկա ամիսներին այդ ազդեցությունը կզգացվի»:

Վիկտոր Յանուկովիչի և Ուկրաինայի ընդդիմության միջև կնքված համաձայնագրով նախատեսվում էր նախագահի ընտրություններն անցկացնել 2014-ի դեկտեմբերին: Սակայն ավելի ուշ Գերագույն ռադան մայիսի 25-ին արտահերթ ընտրություններ էր նշանակել:

Անցած շաբաթ ՌԴ Դաշնությունների խորհուրդը թույլատրել էր նախագահ Պուտինին զորքեր մտցնել Ղրիմ:

Մարտի 3-ին ռուսական բանակը վերջնագիր էր ներկայացրել Ղրիմում Ուկրաինայի իշխանություններին՝ մինչև մարտի 4-ի առավոտվա ժամը 5-ն անցնել Ղրիմի իշխանությունների կողմը, հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ն, սպառնալով հակառակ դեպքում գրոհ սկսել: Ռուսաստանի Սևծովյան նավատորմը ավելի ուշ հերքել էր վերջնագրի մասին տեղեկությունը, դրա ժամկետը սպառվելու հետ կապված միջադեպեր չեն գրանցվել:

«Սիվիլնեթի» տնտեսական վերլուծաբան Արմենակ Չատինյանի գնահատմամբ, մարտի 3-ին ռուսական ֆոնդային ինդեքսների կտրուկ անկումը, ռուբլու արժեզրկումը, իր արձագանքը կգտնի նաև Հայաստանի արտարժույթի շուկայում և ԿԲ-ն նորից ստիպված կլինի միջամտել։

«Արտարժույթի հայաստանյան շուկայում շաբաթը սկսվել է դրամի արժեզրկմամբ, առք ու վաճառքի փոխարժեքների տարբերությունը` 3 կետ, վկայում է սպեկուլյատիվ սպասումների պահպանման մասին»,- կանխատեսում է Չատինյանը։

Արևմուտքը 3 պատասխան կարող էր տալ ռուսական գործողությանը Ղրիմում՝ սառեցնել ՌԴ պաշտոնյաների ակտիվները, արգելել նրանց մուտքն արևմտյան երկրներ ու չեղյալ հայտարարել հունիսին Սոչիում կայանլիք G8 գագաթաժողովը, ընդ որում Ֆրանսիան արդեն հրաժարվել է մասնակցությունից:

Առաջինը պատժամիջոցները կարող էին կիրառվել խոշոր ռուսական ընկերությունների՝ «Գազպրոմի» ու «Ռոսնեֆտի» դեմ, որոնք ակտիվորեն աշխատում են արտաքին շուկայում:

Photo: RIA Novosti