5 մարտի 2014 - 11:30 AMT
Ըստ Տիմոշենկոյի, գազի գնի հարցն Ուկրաինայի համար ազատության հարց է

«Գազի գնի հարցն Ուկրաինայի համար նրա ազատության հարցն է, այդպես է դասավորվել: Ես գտնում եմ, որ Ուկրաինան արդեն վճարել է իր ազատության համար արյունով: Իսկ հիմա պետք է վճարի նաև գազի դիմաց առավելագույն շուկայական գնով»,-հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Ըստ նրա, դա թույլ կտա ոչ միայն նվազագույնի հասցնել ռուսական գազի սպառումն Ուկրաինայում, այլ նաև խթան կհանդիսանա տնտեսության ամբողջական արդիականացման համար, բոլոր մեր տեխնիկական հնարավորությունների լիակատար արդիականացման ու ջեռուցման համակարգի փոփոխման համար,-այդ ամենը կհանգեցնի նրան, որ Ուկրաինան այլևս չի օգտագործի ռուսական գազ:

«Ժամանակին, երբ ստորագրվում էր համաձայնագիրը, ես գտնում էի, որ միայն շուկայական գինը ազատություն կտա մեզ Կրեմլից: Քանի դեռ մենք Կրեմլի հետ համաձայնեցնում ենք քաղաքական գինը, մենք միշտ կախյալ կլինենք: Ուստի, մենք կկատարենք ստորագրված համաձայնագրերը: Ես կարծում եմ, որ արդեն 2020 թվականին մենք այլևս չպետք է ռուսական գազ սպառենք: Սա է իմ ուղին ու իմ ռազմավարությունը: Իսկ այն, որ Յանուկովիչի կառավարությունն ու ինքը թույլ գտնվեցին այսպիսի ուժեղ քայլերի համար, նրանց խնդիրն է:

Ես վստահ եմ, որ գազի շուկայական գնի հետևանքով մեր ձեռնարկությունները ավելի հզոր կդառնան արտաքին շուկայում մրցակցության տեսակետից: Որովհետև նրանք կկատարեն անհրաժեշտ բոլոր տեխնիկական փոփոխությունները, որպեսզի մեր էներգասպառումը նվազագույն լինի: Այլ կերպ ասած, ես այդ համաձայնությունը ճիշտ եմ համարում:

Իսկ Սևծովյան նավատորմը, հատկապես այս բոլոր իրադարձություններից հետո, պետք է որակել որպես ռազմական անկայունության աղբյուր Ուկրաինայի տարածքում: Որպես պատերազմի աղբյուր: Ուստի հարկավոր է որքան հնարավոր է շուտ հանել Սևծովյան նավատորմն Ուկրաինայից: Ես նկատի ունեմ, որ Խարկովյան համաձայնագրերը պետք է դենոնսացիայի ենթարկվեն: Իսկ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի որքան հնարավոր է շուտ նավատորմը հեռանա մեր երկրից: Որովհետև դա պատերազմի աղբյուր է, որը մենք չենք կարող թողնել Ուկրաինայում»,-ասել է Տիմոշենկոն, հայտնում է ВВС-ին:

Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ ապրիլի սկզբից Ուկրաինայի համար գազի գնի զեղջը չի գործի: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը Միլլերը նշել է, որ Ուկրաինային գազի դիմաց կուտակված պարտքը կազմում է 1,5 մլրդ դոլար:

Ըստ Միլլերի, հունվարյան առաքումների դիմաց ամբողջապես չի վճարվել, իսկ երեկ ուկրաինական կողմը տեղեկացրեց «Գազպրոմին», որ չի կարող ամբողջությամբ վճարել փետրվարին սպառած գազի դիմաց: «Այս պայմաններում, երբ Ուկրաինան չի կատարում իր պարտավորությունները, պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել, «Գազպրոմը» որոշել է չերկարացնել զեղջի գործողության ժամկետը հաջորդ ամսվա սկզբից»,-ասել է Միլլերը:

Նա հայտնել է նաև, որ 2013 թ. պարտքից Ուկրաինան մարել է ընդամենը 1,3 մլրդ դոլարը, ինչն ընդհանուր գումարի կեսն էլ չի կազմում: ՌԴ վարչապետը իր հերթին հայտարարել է, որ արտոնություններից հրաժարվելն այս պայմաններում միանգամայն իրավաչափ է: Նա հանձնարարել է ֆինանսների նախարարությանը քննել Ուկրաինային ռուսական գազի դիմաց վճարելու համար 2-3 մլրդ դոլարի վարկի տրամադրման հնարավորությունը:

Նախորդ տարվա դեկտեմբերին Ուկրաինան Ռուսաստանից զեղջ ստացավ գազի գնի համար՝ գինը կազմեց 268,5 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: 2013 թվականին Ուկրաինան ռուսական գազի դիմաց միջինը վճարում էր 400 դոլար հազար խմ համար:

Վաշինգտոնը կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և կսատարի ուկրաինացի ժողովրդին: Այդ մասին Կիևում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի ու Գերագույն ռադայի նշանակած Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ավարտին: Քերին «ագրեսիայի ակտ է» համարել ՌԴ քաղաքականությունը Կիևի հանդեպ և առաջարկել է Մոսկվային բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ, հայտնում է euronews-ը: «Դիվանագիտությունն ու ինքնիշխանությունը հարգելն են 21-րդ դարում տարաձայնությունների լուծման լավագույն ճանապարհը: Նախագահ Օբաման և ես ցանկանում ենք պարզ հասկացնել Ռուսաստանին, որ մենք դեմ ենք առճակատմանը»,-ասել է նա:

ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ զինված ուժերի կիրառումը հնարավոր է միայն ծայրահեղ դեպքում օրինականության հիման վրա:

Կիևում կայացած հանդիպմանը արծարծվեց Ուկրաինային ֆինանսական օգնության հարցը: ԱՄՆ Պետքարտուղարը հայտնեց, որ ԱՄՆ-ն 1 մլրդ դոլարի վարկային երաշխիքներ կտրամադրի Ուկրաինայի վերականգնմանը սատարելու համար:

Մինչդեռ մարտի 4-ի ասուլիսում Պուտինը նշեց, որ Մոսկվան չի ճանաչում Ուկրաինայի նոր իշխանությունները և նրանց լիազորությունների ստանձնումը համարում է պետական հեղաշրջում:

«Պատժամիջոցների հետևանքների մասին պետք է մտածեն նրանք, ով պատրաստվում է կիրառել դրանք: Ես կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում, որտեղ բոլորը կախված են բոլորից, և որտեղ ամեն ինչ փոխկապակցված է, անշուշտ, կարելի է վնասել միմյանց: Բայց դա փոխադարձ կլինի: Մենք պատրաստվում ենք G8-ի գագաթաժողովին և պատրաստ ենք ընդունել մեր գործընկերներին: Իսկ եթե նրանք չեն ուզում գալ, դե թող չգան»,-ասել է Պուտինը:

Նա հավելել է նաև, որ միայն քաղաքացիներն իրենք կարող են որոշել իրենց ապագան: «Եթե դա թույլատրելի էր Կոսովոյի ալբանացիներին, եթե դա թույլատրելի էր աշխարհի տարբեր կողմերում, նշանակում է, ազգերի ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ համապատասխան փաստաթղթերում, դեռ ոչ ոք չեղյալ չի համարել»,-ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ նույնիսկ Կիևի հետ բարդ հարաբերությունների պայմաններում Ռուսաստանը լի է համբերությամբ ու պատրաստ է համագործակցել»:

ԱՄՆ նախագահ Օբաման հորդորել է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և հրաժարվել մասնակցությունից Սոչիի G8-ին: Սակայն, ԵՄ-ն հավանություն չտվեց պատժամիջոցներին: