1 մայիսի 2006 - 14:30 AMT
Առանց ռազմական ուսմունքի Ադրբեջանը ի վիճակի չէ բարեփոխել իր բանակը
«Հայկական բանակը ունի մոտ 61 հզ. զինծառայող (զորհավաքի ռեզերվը 300 հզ.): 2001 թվականի հունվարի մեկի դրությամբ Երեւանում պաշտոնապես գրանցված է եղել 102 տանկ, 204 մարտական զրահապատ մեքենա(ՄԶՄ), այդ թվում ԵՍԶՈՒՊ սահմանափակում չունեցող 677 միավոր, 225 հրետանային սարք ավելի քան 122 մմ տրամաչափով, 8 մարտական ինքնաթիռ եւ 12 գրոհիչ ինքնաթիռ»,- հայտարարել է ադրբեջանցի կոնֆլիկտոլոգ Ռաուֆ Ռաջաբովը: Նրա խոսքերով, Հայաստանում նաեւ կա 32 հատ «Սկադ» բալիստիկական հրթիռային սարք «երկիր-երկիր» տեսակի: «Հայկական ցամաքային զորքերը իրենց կազմում այսօր ունեն 4 մոտորավորված բրիգադա, 10 առանձին հետեւակային գունդ, 1 հրետանային բրիգադա, 2 զենիթա-հրթիռային բրիգադաներ: Առանձնակի հզորությամբ Գյումրիի ռուսական ռազմակայանի տեղակայումը Հայաստանում որոշված է 25 տարով, սակայն այն կարող է երկարաձգվել»,- նշում է նա:

Ռաջաբովը համոզված է, որ առանց ռազմական ուսմունքի Ադրբեջանը ի վիճակի չէ բարեփոխել իր բանակը: Չարիքի արմատը կոնֆլիկտոլոգը տեսնում է նաեւ զինակոչիկների, առավել եւս գյուղական շրջանների, գիտելիքների ցածր մակարդակի մեջ: «Բացի այդ, Ադրբեջանական բանակի որակական ցուցանիշերի վրա ազդում է զինվորների եւ սպաների հարաբերությունների ճեղքվածքը: Մի շարք սպաներ իրենց դաստիարակչական ֆունկցիաները «հանձնել են» սերժանտներին եւ հեռացել են զորանոցներից, իսկ վերջիններս, իշխանություն ստանալով նորակոչիկների նկատմամբ, կարգավորում են բոլոր իրենց խնդիրները, այդ թվում եւ ֆինանսական»,- ընդգծել է Ռաջաբովը:

Միեւնույն ժամանակ, նա կարծում է, որ Ադրբեջանը չպետք է «դողա հակառակորդի առաջ»: «Ոչ, պարզապես մենք պետք է նրա մասին ամեն ինչից տեղյակ լինենք եւ իրական կատեգորիաներով մտածենք»,- նշել է ադրբեջանցի կոնֆլիկտոլոգը, հաղորդում է Day.az-ը: