Լավրովն ու Քերին գտնում են, որ պետք է օգնել Ուկրաինային

Լավրովն ու Քերին գտնում են, որ պետք է օգնել Ուկրաինային

PanARMENIAN.Net - Լավրոն ու Քերին գտնում են, որ պետք է օգնել Ուկրաինային իրականացնել փետրվարի 21-ի պայմանավորվածությունները: «Մենք համաձայնվեցինք, որ պետք է օգնել ուկրաինացիներին կատարել պայմանավորվածությունները: Մենք հանդիպում ունեցանք Ջոն Քերիի հետ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ, այն գործողությունների, որոնք մեր գործընկերները փորձում են ձեռնարկել ԵԱՀԿ, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի, այլ միջազգային կազմակերպությունների գծով: Գործողություններ, որոնք թույլ չեն տալիս վստահության ու կառուցողական համագործակցության մթնոլորտ ստեղծել»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ավարտին: Ըստ նրա, ԱՄՆ պետքարտուղարը խոստովանել է, որ «հարկավոր է ստեղծել այդպիսի մթնոլորտ»:

«Քերին խոստովանել է, որ սպառնալիքների ու վերջնագրերի պայմաններում շատ դժվար է զբաղվել ազնիվ պայմանավորվածություններով, որոնք կօգնեն ուկրաինացի ժողովրդին կայունացնել իրավիճակը,-ասել է Լավրովը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ԵՄ ԱԳՆ մի շարք ղեկավարներ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում հրաժարվեցին մեկնաբանել արտահոսքը ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հեռախոսազրույցից Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետի հետ: Այդ մասին հայտնել է աղբյուրը ռուսական պատվիրակության կազմում: «ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Քերիի, ինչպես նաև ԵՄ երկրների մի շարք ԱԳ նախարարների հետ Փարիզում հանդիպման ժամանակ ռուս նախարարը հետաքրքրվել է, թե ինչպես նրանք կմեկնաբանեն Քեթրին Էշթոնի ու Ուրմաս Պաետի հեռախոսազրույցի արտահոսքը, որին նրա պաշտոնակիցները պատասխանեցին, որ չեն մեկնաբանում արտահոսքը»:

Ինտերնետում հայտնվել է Էշթոնի և Պաետի ենթադրյալ խոսակցության ձայնագրությունը, որտեղ էստոնացի նախարարը վստահեցնում է եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավարին, որ Մայդանում դիպուկահարների ետևում «Յանուկովիչը չէ կանգնած»:

Մինչդեռ, Եվրամիությունը հրապարակել է 18 նախկին ուկրաինացի պաշտոնյաների ցուցակը, որոնց կասկածում են բյուջետային միջոցների ապօրինի օգտագործման մեջ, և որոշել է սառեցնել այդ անձանց ֆինանսական հաշիվներն ու ակտիվները:

Ցուցակում են հայտնվել պաշտոնանկ նախագահ Յանուկովիչն ու նրա երկու որդիները, ՆԳՆ նախկին ղեկավար Վիտալի Զախարչենկոն, նախկին գլխավոր քարտուղար Վիկտոր Պշոնկան ու նրա որդին՝ Արտյոմը, Անվտանգության ծառայության նախկին պետ Ալեքսանդր Յակիմենկոն, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովն ու նրա որդին՝ Ալեքսեյը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուևն ու նրա եղբայրը՝ Սերգեյը, նախկին փոխղեկավար Անդրեյ Պորտնովը, արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը, ներքին գործերի նախկին փոխնախարար Վիկտոր Ռատուշնյակն ու այլոք:

Ինչպես ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, բոլոր միջոցները, որ պատկանում են այդ անձանց կամ գտնվում են նրանց հսկողության տակ, պետք է սառեցվեն: Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում ցուցակի հրապարակման պահից, իսկ տևողությունը կլինի մոտ մեկ տարի, հայտնում է ВВС-ին:

Փետրվարի վերջում Շվեյցարիան արգելափակեց Յանուկովիչի հաշվեհամարներն իր բանկերում և ուկրաինացի ևս 20 քաղաքական գործիչների ու պաշտոնյաների կարողությունները: Ուկրաինայի 18 քաղաքացիների ակտիվներ սառեցրել է նաև Ավստրիան: 20 ուկրաինացիների հանդեպ դա արել է նաև Լիխտենշտեյնը:

Մարտի սկզբին Դոնի Ռոստովում մամուլի ասուլիսի ժամանակ Յանուկովիչը հայտարարեց, թե չունի արտասահմանյան հաշվեհամարներ և նրա եկամուտները հայտարարագրված են: Ուկրաինայի ՆԳՆ հայտարարեց, որ Ռուսաստանում գտնվող պաշտոնանկ նախագահ Յանուկովիչը, ինչպես նաև նախկին գլխավոր դատախազն ու ՆԳՆ նախկին ղեկավարը հետախուզման մեջ են Կիևում ցուցարարների սպանության կազմակերպման մեղադրանքով: Ուկրաինայի նոր գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկին պահանջեց ՌԴ իշխանություններից արտահանձնել նախկին նախագահին:

Իշխանության գալով Ուկրաինայի ներկա իշխանությունները հայտարարեցին, որ երկրի գանձարանը դատարկ է և հնարավոր է դեֆոլտ: Եվրամիությունն ու ԱՄՆ-ն խոստացան օգնել նոր իշխանություններին: Մարտի 4-ին Կիև ժամանեց Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը, որը պետք է գնահատի տնտեսության վիճակը:

Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շկապալը հայտարարեց, որ ակնկալում է ԱՄՀ-ից մոտ 15 մլրդ դոլար: Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային 11 մլրդ եվրոյի չափով: ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ օգնություն ստանալու համար Ուկրաինայի կառավարությունը պետք է հավատարիմ մնա բարեփոխումներին:

Վերակառուցման ու զարգացման բանկը ևս պատրաստ է առնվազն 5 մլրդ եվրո ներդնել մինչև 2020 թվականը Ուկրաինային միջազգային ֆինանսական օգնության շրջանակում:

Միևնույն ժամանակ ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդն ասել է, որ, իր կարծիքով, խուճապի մատնվելու կարիք չկա Ուկրաինային աջակցելու հարցում՝ կասկած հայտնելով, որ Ուկրաինան անհապաղ օգնության կարիք ունի, ինչպես պնդում են նոր առաջնորդները:

Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը Քրիստին Լագարդի հետ զրույցից հետո հայտնեց, որ վարկեր ստանալու համար կառավարությունը ստիպված կլինի շատ կոշտ բարեփոխումներ անցկացնել, որոնք առաջին հերթին վերաբերում են սոցիալական հատվածին: Խոսքը գազի գնի բարձրացման մասին է, հարկերի բարձրացման, սոցվճարների ու կենսաթոշակների սահմանափակման, արտոնություններից հրաժարվելու մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---