1 մայիսի 2006 - 17:07 AMT
Հայաստանը պետք է աջակցի տարածաշրջանում Իրանի կայուն քաղաքականության իրականացմանը
«Իրանը մեզ հարեւան երկիր է, որի հետ մենք կապված ենք մեր ժողովուրդների դարավոր բարեկամությամբ: Չմոռանանք, որ մեր երկրի համար ծանր տարիներին Իրանը այն երկիրն էր, որը աջակցեց մեզ»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը իր գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության ինտերնետային կայքում տեղակայված հարցազրույցում: «Դա միակ ճանապարհն էր, որ կապում էր մեզ աշխարհին եւ հնարավորություն ընձեռում մեր երկիր սննդամթերք եւ վառելիք ներկրել»,- նշել է նա: Նրա խոսքերով, Իրանը կայուն քաղաքականություն է իրականացնում տարածաշրջանում եւ մենք պետք է աջակցենք, որպեսզի այդ քաղաքականությունը շարունակվի:

Միեւնույն ժամանակ, ՀՀԿ ղեկավարը նկատեց, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունները միշտ էլ եղել են բարդ: «Հայաստանի անկախացումից ի վեր չի կարելի ասել, որ այդ հարաբերությունները եղել են բարեկամական: Եղել են հարաբերությունների սառեցման, ինչպես նաեւ սրման պահեր: Ներկայումս այդ հարաբերությունները բավականին լարված են, բայց կարծում եմ, որ Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ չեն իրականացվի: Իսկ Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը այդ երկրների խնդիրն է»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը: