Մասաչուսեթսի Խորհուրդը մերժել է դատավորի թեկնածությունը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Մասաչուսեթսի Խորհուրդը մերժել է դատավորի թեկնածությունը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

PanARMENIAN.Net - Մասաչուսեթսի Խորհուրդը մերժել է դատավոր Ջոզեֆ Բերմանի թեկնածությունը, որն առաջադրվել է ամերիկյան Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկի կողմից Առաջին ատյանի գլխավոր դատավորի պաշտոնում: Նահանգապետը հայտարարել է, որ հիասթափված է Խորհրդի որոշումից, քանի որ Բերմանը «որակավորում ունեցող դատավոր է»:

Դիմակայությունը գլխավորում էր խորհրդի անդամ Մերիլին Պետիտո Դիվեյնին Ուոթերթաունից, որտեղ մեծ հայկական համայնք կա: Նա դեմ էր Բերմանի կապերին Հակադիֆամացիոն լիգայի հետ, քանի որ ADL-ն հրաժարվեց ցեղասպանություն ճանաչել 1,5 մլն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում: Խորհրդի ձայները, որը բաղկացած է 8 մարդուց, կիսվեցին՝ 4-ը կողմ էին, 4-ը՝ դեմ:

Ինչպես գրում է Boston Herald-ը, նահանգաի խորհուրդը դեռ 2013 թ. դեկտեմբերին չքվեարկեց վիճահարույց թեկնածուին դատավորի պաշտոնում նշանակելու համար, քանի որ նա մի կազմակերպության անդամ է, որը մերժում է Հայոց ցեղասպանությունը:

2013 թվականի ապրիլի 10-ին Ներկայացուցիչների պալատը և Մեն նահանգի Սենատը համատեղ բանաձև ընդունեցին ԼՂՀ անկախության ճանաչման մասին: Բանաձևը նաև կոչ է անում նախագահին ու ԱՄՆ Կոնգրեսին նպաստել ԼՂՀ կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերում, ուղղված երկարատև խաղաղության հաստատմանը ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում:

Անցյալ տարվա վերջում Մասաչուսեթսի կրթության միացյալ կոմիտեն հասարակական լսումներ անցկացրեց ցեղասպանության պարտադիր ուսումնասիրության վերաբերյալ, որը ստացավ Մասաչուսեթսի Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը: Օրինագիծը ներկայացրել է նահանգի կոնգրեսական Ջոնաթան Հեղթը (D- Watertown ) և պահանջում է ուսումնասիրել ցեղասպանությունները, որոնք պետք է ներառվեն բոլոր պետական դպրոցների պատմության ծրագրերում:

2012 թվականին Բոստոնում բացվեց Հայ ժառանգության զբոսայգի:

Հակադիֆամացիոն լիգան ամերիկյան իրավապաշտպան հասարակական-քաղաքական կազմակերպություն է, որը հակադրվում է հակասեմականությանը և հրեաների հանդեպ անհանդուրժողականության այլ դրսևորումներին: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում: Տարեկան բյուջեն կազմում է 50 մլն դոլար, տնօրենն է Աբրահամ Ֆոքսմանը, որը դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---