Նախորդ շաբաթ հրադադարի խախտման մոտ 200 դեպք է եղել

Նախորդ շաբաթ հրադադարի խախտման մոտ 200 դեպք է եղել

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գոծողությունների արդյունքում՝ առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Հունվարի երկրորդ կեսից թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել էին նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ: Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել էր Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել էին Բերդի հոսպիտալ։

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

Փետրվարի 6-ին Երևան այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաղորդագրություն էին տարածել, որտեղ վերահաստատել էին մտահոգությունը՝ կապված շփման գծում ու սահմանին ոչ վաղ անցյալում իրավիճակի սրացման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ արել սեփական գործողություններում ու հայտարարություններում:

Կողմերը հայտարարել էին, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի առաջիկա օլիմպիական խաղերի անցկացման ժամկետին: Սակայն ադրբեջանական ստորաբաժանումներն, անտեսելով կոչերն ու պայմանավորվածությունները, շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---