Ուորլիքն անհանգստացած է սահմանին լարվածության հնարավոր սրմամբ

Ուորլիքն անհանգստացած է սահմանին լարվածության հնարավոր սրմամբ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել, թե այն ժամանակ, երբ համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, հայկական և ադրբեջանական կողմերի միջև կարող է սրվել լարվածությունը: «Արդյո՞ք մենք անհանգստության առիթ ունենք», - գրել է ամերիկացի դիվանագետը:

Ուկրաինայում փետրվարի 22-ին իշխանափոխություն է եղել, որը պետական հեղաշրջման նշաններ ուներ։ Գերագույն Ռադան իշխանաթող է արել նախագահ Վիկտոր Յանուկովիչին, փոխել Սահմանադրությունն ու երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին, նոր ընտրույթունները նշանակված են մայիսի 25-ին։ Յանուկովիկը հայտարարել է, թե ստիպված էր լքել երկիրը, քանի որ իր և հարազատների կյանքին վտանգ էր սպառնում, բայց շարունակում է մնալ լեգիտիմ ընտրված նախագահ։

Ուկրաինայի հարավի ու արևելքի որոշ տարածաշրջաններ, ինչպես նաև Ղրիմը չեն ընդունել Ռադայի որոշումների լեգիտիմությունը, հայտարարելով՝ Յանուկովիչի պաշտոնանկությունն օրինական չէ․ որոշվել է այդ տարածաշրջաններում հանրաքվե անցկացնել։

Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին։

Ջեյմս Ուորլիքը նաև մեկնաբանել է նախօրեին` մարտի 10-ին, Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը. «Մենք Ադրբեջանի արտգործնախարարի հետ խաղաղ կարգավորման որոշ հիմնախնդիրների շուրջ արդյունավետ բանակցություններ ենք անցկացրել»,- գրել է ամերիկացի միջնորդը:

Նա նաև հույս է հայտնել առաջիկա ամսվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ. «Միայն նրանք կարող են լուծել խաղաղ գործընթացի ամենակարևոր հարցերը»,- իր Twitter-ում գրել է Ուորլիքը:

Մարտի 11-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՀԿ համանախագահներ Իգոր Պոպովի(Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանիսա) և Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս մասին նախօրեին Նալբանդյանը հայտնել է Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Դա աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է ինտենսիվ ձևով, և երբ պայմանները ստեղծված լինեն, կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռանախագահների հետ»,- նշել է Նալբանդյանը:

Փետրվարի 22-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպումից հետո ամերիկացի համանախագահը twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ գոհ է նախարար Նալբանդյանի հետ բանակցութունների շարունակությամբ. «Պիտի աշխատենք խաղաղության հասնելու համար»,- նշել էր Ջեյմս Ուորլիքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---