Թուրքիան փորձում է միջնորդի դեր կատարել Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Թուրքիան փորձում է փոխարինել Ռուսաստանին Հարավային Կովկասում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիան փորձում է միջնորդի դեր կատարել Հարավային Կովկասում, այդ թվում Լեռնային Ղարբաղի հարցի կարգավորման մեջ»,- նշել է նա Երեւանում կայացած «Կովկաս 2005» միջազգային կոնֆերանսի ժամանակ` մեկնաբանելով Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումները:



Ինչպես նշում է փորձագետը, Թուրքիան արդեն լուրջ հայտ է ներկայացրել տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ իր դերի բարձրացման առումով` առաջին հերթին հիմք վերցնելով ՆԱՏՕ-ի հետ իր դաշնակցությունը, սակայն ներկա դրությամբ Թուրքիան դեռ Վաշինգթոնի կողմից հավանություն չի ստացել: Սակայն հետագայում, փորձագետի կարծիքով, Թուրքիան կկարողանա ավելի ակտիվ դերակատարություն ունենալ Հարավային Կովկասում` հաշվի առնելով նրա ներգրավվածությունը տարածաշրջանի ամենամեծ նախագիծ հանդիսացող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շահագործմանը, ինչպես նաեւ երկրի աշխարհագրական դիրքը: «Թուրքիան «կամուրջ» է հանդիսանում Եվրոպայի եւ Ասիայի միջեւ եւ դա հնարավոր չէ հաշվի չառնել»,- նշել է Ռ. Սաֆրաստյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---