Մարտի 13-ին լրանում է Չարենցի ծննդյան 117 ամյակը

Մարտի 13-ին լրանում է Չարենցի ծննդյան 117 ամյակը

PanARMENIAN.Net - Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (Եղիշե Աբրահամի Սողոմոնյան) ծնվել է 1897-ի մարտի 13-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում: 1908-ին Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, որի դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Հնգամյա կրթություն ստանալով` արդեն ձևավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար ընթերցանությամբ: 1914-ին Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն ու Առաջին աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում և միանում Արևմտյան Հայաստանը զավթիչներից ազատել շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:

1915-ին Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու: 1919-ին վերադառնում է Երևան և դասավանդում դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:

Ո՞վ այդ արևը բերեց։

Ահա ոսկյա մի արև՝

Ճարագումով իր հրե՝

Այգաբացի փուրփուրե

Նժույգների վրա հեծ՝

Նոր աշխարհին ու մարդուն

Հղում Է լույս զվարթուն,

Նոր աշխարհին ու մարդուն

Ո՞վ բերեց լույսն այս արթուն,

Օ, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ։

1921-ին Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետևանքով 1927-ին մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931-ին նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է պարգևում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935-ին ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:

1936-ի հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականների ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության և ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ընտանիքի հանդեպ ճնշումները:

Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են և հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937-ի նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---